Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ԱՄՆ-ն կակտիվացնի Մինսկի խումբը, բայց ոչ առաջիկա մեկ տարում․ փորձագետ

ԱՄՆ-ն կակտիվացնի Մինսկի խումբը, բայց ոչ առաջիկա մեկ տարում․ փորձագետ
Միջազգային
18:29, 16 апрель 2021
«Չի բացառվում, որ ԱՄՆ-ն ակտիվացնի Մինսկի խումբը, մենք երկու օր առաջ տեսանք Մինսկի խմբի հայտարարությունը, որտեղ նորից խոսվում էր, որ Արցախյան հակամարտությունը կարգավորված չէ, և համապարփակ կարգավորման համար պետք է կողմերը հիմք ընդունեն այն սկզբունքները, որոնք մշակվել են նախկինում։ Խոսքը 2007թ․ մշակված Մադրիդյան երեք սկզբունքների և 6 հիմնական տարրերի մասին է»,- Civic.am-ի հետ զրույցում տեսակետ հայտնեց քաղաքագետ Բենիամին Պողոսյանը։

Չնայած այս տեսակետին, քաղաքագետը նաև ընդգծեց, որ հաշվի առնելով Ալիևի հայտարարությունները՝ առաջիկա մեկ տարվա կտրվածքով դժվար է պատկերացնել այդ ակտիվացումը․ «Ալիևը հստակ հայտարարում է, որ կարգավիճակի հարցը նետված է պատմության աղբանոց, իսկ հակամարտությունն էլ լուծված է և չի պատրաստվում Արցախի կարգավիճակի շուրջ որևէ քննարկում ծավալել ոչ Հայաստանի, ոչ էլ այլ պետության հետ։ Առնվազն մեկ տարի ես չեմ տեսնում տարբերակ, որ Մինսկի խմբի համանախագահ երկրները՝ Ռուսաստանը, ԱՄՆ-ն կամ Ֆրանսիան կարողանան հարկադրել Ադրբեջանին, որպեսզի ինքը փոխի իր դիրքորոշումը և վերսկսվի  բանակցությունները Մինսկի խմբի շրջանակում՝ Արցախի կարգավիճակի վերաբերյալ»։ 

Մեր զրուցակիցն, անդրադառնալով հրապարակվող այն հոդվածներին, որոնցում կոչ է արվում ԱՄՆ-ին վերադառնալ Հարավային Կովկաս, և որ Արցախյան պատերազմից հետո սա ճիշտ պահն է Ռուսաստանի ու Թուրքիայի հետ համատեղ կանխել Արցախում հակամարտության ևս մեկ սրացումը, ընդգծեց, որ Հարավային Կովկասը ԱՄՆ-ի կենսական շահերի ոլորտում չէ․ «Հարավային Կովկասը շատ ավելի պակաս նշանակություն ունի ԱՄՆ-ի համար, քան Ուկրաինան։ Բայց սա չի նշանակում, որ Հարավային կովկասում ԱՄՆ-ն գոյություն չունի, բնականաբար այստեղ նա ներկա է՝ առաջին հերթին Վրաստանում, որի հետ ունի 2009թ․-ին ստորագրված ռազմավարական համագործակցության հռչակագիր և դրան գումարած՝ ԱՄՆ-ն կարևոր դեր է խաղում Վրաստան-ՆԱՏՕ հարաբերություններում»։

Բենիամին Պողոսյանի խոսքով, երբ ասում են ԱՄՆ-ն կակտիվանա Հարավային Կովկասում, այդ ժամանակ որևէ մեկը չի ասում, թե ինչ նկատի ունի ակտիվանալ ասելով․ «Եթե ակտիվանալ ասելով նկատի ունենք, որ ԱՄՆ ներկայացուցիչները կգան Հայաստան, կգնան Բաքու և Ադրբեջանից կպահանջեն, որ զորքերը դուրս բերի Արցախի օկուպացված տարածքներից՝ դրանք գիտաֆանտաստիկ ժանրից են»։ 

Մեր դիտարկմանը՝ հնչում են տեսակետներ, թե արդյո՞ք խաղաղության կհանգեցնեն այն գործողությունները, երբ ԱՄՆ որոշ կոնգրեսականներ հանդես են գալիս Ադրբեջանի դեմ պատժիչ գործողություններ իրականացնելու՝ պատժամիջոցներ կիրառելու պահանջով, իսկ Վաշինգտոնում՝ Ադրբեջանի կողմնակիցները՝ ոչ հայանպաստ հայտարարություններով՝ քաղաքագետն արձագանքեց․ «Հայ-ադրբեջանական հաշտություն չի կարող լինել, քանի դեռ Ադրբեջանը պատասխան չի տվել իր կատարած հանցագործությունների համար։ Հակառակ դեպքում դա կլինի միակողմանի ստորացում»։    

Բենիամին Պողոսյանը հիշատակեց, որ վերջին պատերազմի ընթացքում Ադրբեջանը կատարել է բազմաթիվ պատերազմական հանցագործություններ. «Հայաստանը ամեն ինչ պետք է անի, որ Ադրբեջանը դատապարտվի տարբեր պետություններում որպես միջագային մարդասիրական իրավունքը խախտող կողմ»։ 
Անդրադառնալով ԱՄՆ-ի կողմից Ադրբեջանի դեմ կիրառված պատժամիջոցներին՝ մեր զրուցակիցը նշեց, որ Ադրբեջանի դեմ պատժամիջոցները դեռ 1992թ․-ից են ընդունված, երբ արգելվում էր ԱՄՆ-ի պետական օգնությունն Ադրբեջանին․ «Այդ կետը սկսեց յուրաքանչյուր տարի չեղարկվել 2001թ․-ից, երբ ԱՄՆ-ն սկսեց Ադրբեջանին ռազմական օգնություն տրամադրել ահաբեկչության դեմ պայքարի շրջանակներում։ Իսկ Թրամփի վարչակազմի օրոք այդ աջակցությունը բավական մեծ թիվ էր կազմում՝ մինչև 100 մլն դոլար։ Խոսքը այդ արգելքի մասին է, որ այդ կետը չեղարկվի, այլ ոչ թե թողնեն, որ յուրաքանչյուր տարի ԱՄՆ-ի նախագահն ինքը որոշի՝ այդ արգելքը մնում է ուժի մեջ, թե ևս մեկ տարով այն չեղարկվում է»։ 
 
Նարա Մարտիրոսյան