Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Տարածաշրջանում տիրող իրավիճակը քննարկել են Իրանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները

Տարածաշրջանում տիրող իրավիճակը քննարկել են Իրանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները
Միջազգային
12:02, 31 октябрь 2022
Իրանի և Ադրբեջանի Արտաքին գործերի նախարարներ Հոսեյն Ամիր Ադբոլահիանը և Ջեյհուն Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել։

Նախարարները քննարկել են տարածաշրջանում տիրող իրավիճակին, ինչպես նաև երկկողմ հարաբերություններին առնչվող հարցեր։ Իրանի ԱԳ նախարարը մերժել է տարածաշրջանում օտար ուժերի ներկայությունը, ինչը, ըստ նրա, ավելի կբարդացնի տարածաշրջանային իրավիճակը հավելելով. «Մենք կարծում ենք, որ օտարերկրացիների ներկայությունը տարածաշրջանում բարդացնում է իրավիճակը, և մենք դեմ ենք նրանց ներկայությանը: Մենք դա համարում ենք տարածաշրջանային խաղաղության, կայունության և համագործակցության դեմ»։ 

«Իրանի Իսլամական Հանրապետությունը հետամուտ է Կովկասում վեճերի ճիշտ լուծմանը «3+3» ձևաչափով (Հայաստանի, Ադրբեջան, Վրաստանի - Ռուսաստան, Թուրքիա, Իրան) հանդիպումների և տարածաշրջանային մեխանիզմների միջոցով և միշտ կշարունակի ջանքեր գործադրել՝ լուծելու Ադրբեջանի և Հայաստանի միջև առկա խնդիրները»,- հայտարարել է նա։

Իրանցի բարձրաստիճան դիվանագետը նաև հավելել է. «Մենք տարածաշրջանի անվտանգությունը դիտարկում ենք որպես փոխկապակցված խնդիր, իսկ Ադրբեջանի Հանրապետության անվտանգությունը դիտարկում ենք որպես տարածաշրջանի և Իրանի անվտանգություն»։

Բայրամովը, իր հերթին, բարձր է գնահատել Թեհրանի դերը տարածաշրջանային խաղաղության և կայունության վերականգնմանն ուղղված ջանքերում։

Բայրամովը ևս դեմ է արտահայտվել տարածաշրջանում օտարերկրյա ուժերի տեղակայմանը և ընդգծել տարածաշրջանային համագործակցության շարունակումը, այդ թվում՝ «3+3» հանդիպումների ձևաչափով, որպեսզի դա օգնի տարածաշրջանում կայունության և անվտանգության պահպանմանը։

Անդրադարձ է կատարվել նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի։