Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Հայերի կյանքն ավելի փոքր արժեք ունի, քան ուկրաինացիների՞նը». Վալերի Բուայեն կոչ է արել օգնել Հայաստանին

«Հայերի կյանքն ավելի փոքր արժեք ունի, քան ուկրաինացիների՞նը». Վալերի Բուայեն կոչ է արել օգնել Հայաստանին
Միջազգային
13:26, 03 ноябрь 2022
Ֆրանսիացի սենատոր Վալերի Բուայեն, ելույթ ունենալով ֆրանսիական Public Senat հեռուստաալիքի եթերում, հերթական անգամ աջակցել է Հայաստանին Ադրբեջանի հետ առճակատման հարցում։

«Հայաստանը բացարձակ մենակ է Ադրբեջանի՝ այդ հզոր հարևանի դիմաց, որը շատ հարուստ է իր գազով, և որը գործի է դնում սպառնալիքների և կոռուպցիայի դիվանագիտություն։ Ի տարբերություն Ուկրաինայի՝ Հայաստանը չունի միջազգային օգնություն»,- ասել է Բուայեն։ 

Սենատորը հայտարարել է, որ Հայաստանի թշնամիները բացահայտ ասում են, որ ցանկանում են ոչնչացնել հայերին, մինչդեռ Եվրոպան շարունակում է ընդունել այդ առաջնորդներին և գազ գնել Ադրբեջանից, իսկ Ուրսուլա ֆոն դեր Լյայենն ասում է, որ Ալիևը հուսալի գործընկեր է։

«Ուրսուլա ֆոն դեր Լյայենի համագործակցությունն Ադրբեջանի հետ ամոթալի է։ Էներգետիկ ճգնաժամը չի արդարացնում ամեն ինչ, հատկապես, երբ մենք բախվում ենք իսկական ռազմական հանցագործությունների»,- ընդգծել է Բուայեն։

Նա նշել է, որ այսօր Եվրոպան մոբիլիզացվել է հանուն Ուկրաինայի օգնության, սակայն նույնը չի արվել Հայաստանի համար։

«Ֆրանսիան կարող էր ավելին անել Հայաստանի համար, հատկապես, երբ մենք նախագահում էինք Եվրամիությունում։ Դիտորդներ ուղարկելը նվազագույն ծառայությունն է։ Կիպրոսում կամ Հունաստանում մենք նույնպես աչք ենք փակում թուրքական կրկնվող ներխուժումների վրա»,- ասել է սենատորը։

Բուայեն հարց է բարձրացրել. «Հայերի կյանքն ավելի փոքր արժեք ունի, քան ուկրաինացիների՞ կյանքը, եթե մեզ առավոտյան, կեսօրին և երեկոյան մոբիլիզացնում են հանուն Ուկրաինայի»: