Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ադրբեջանը հասկանում է իր խոցելիությունը, պետք է համոզել պետություններին, որ այն վարել է անարդարացի պատերազմ․Արա Ղազարյան

Ադրբեջանը հասկանում է իր խոցելիությունը, պետք է համոզել պետություններին, որ այն վարել է անարդարացի պատերազմ․Արա Ղազարյան
Միջազգային
13:40, 19 апрель 2021
2020 թվականից արձանագրվում է մարդու իրավունքների նահանջ՝ ամբողջ աշխարհում։ Ցավոք ստիպված ենք արձանագրել, որ պատերազմը հստակորեն արգելող նորմ միջազգային իրավունքում չկա, թեև շատերը մատնացույց են անում ՄԱԿ-ի կանոնադրության համապատասխան կետը, որ պետությունները պետք է իրենց վեճերը խաղաղ լուծեն՝ քաղաքական ճանապարհներով։ Այս մասին այսօր «Մեդիա կենտրոնի» կողմից կազմակերպված «Հայատյացությունը՝ Ադրբեջանի պետական քաղաքականություն. Հայաստանի արձագանքը» թեմայով քննարկման ժամանան նշեց միջազգային իրավունքի մասնագետ Արա Ղազարյանը։
 
«Ալիևն ինքն ասում էր, որ մեր պատերազմը արդարացի է, որովհետև մենք պաշտպանվում էինք։ Սա, իհարկե, մեկնաբանության խնդիր է։ Նա նաև ավելացնում էր, որ իրենք չեն խախտել  ՄԱԿ-ի կանոնադրությունը։ Այսինքն՝ նրանք մտավախություն ունեն, որ պատերազմն իսկապես անարդարացի էր, քանի որ այն հարցակվողական էր և ուղեկցվել է պատերազմի հանցագործություններով, մարդու և հումանիտար իրավունքների կոպիտ խախտումներով», - նշեց պարոն Ղազարյանը։
 
Նրա խոսքով, եթե իրենք գտնում էին, որ ուժ կիրառելու հիմք ունեն, պետք է առաջինը ապավիներին բանակցություններին՝ քաղաքական լուծմանը։ Այսինքն՝ Ադրբեջանը հասկանում է իր խոցելիությունը։
 
Քննարկման ժամանակ ՀՔԱՎ իրավական վերլուծությունների և նախաձեռնությունների բաժնի համակարգող Մարիամ Անտոնյանը ներկայացրեց գրասենյակի կողմից կատարվելիք աշխատանքները։ Նրա խոսքով՝ իրականցվում է փաստահավաք առաքելություն, պատրաստվում է զեկույց, որը մշակման փուլում է այս պահին։
 
«Իրականացրել ենք տուժած անձանց վկայությունների հավաքագրում։ Հայատյացության հետ կապված կան փաստական հանգամանենր, որոնք օգտագործելու ենք զեկույցում, մասնավորապես,  տեղահանված անձանց իրավունքերի պաշտապանությունը, ինչպես նաև մշակութային օբյեկտների վրա հարձակումները, որը նույնպես հայատյացության բաղադրիչ է», - նշեց տիկին Անտոնյանը։
 
Արա Ղազարյանը հավելեց, որ շատ կարևոր է, որ քաղաքական տիրույթում Հայաստանը դիսկուրս վարի միջազգային ատյաններում, առ այն, որ պատերազմը անարդարացի էր՝ միջազգային իրավունքի համաձայն։ Միջազգային իրավունքը տալիս է բազմաթիվ հիմքեր, ըստ որի անարդարացի և ագրեսիվ պատերազմն արգելվում է։
 
Իսկ իրավական տիրույթում, նրա խոսքով, կան մի շարք ատյաններ․ առաջինը Եվրոպական դատարանն է, որտեղ հարուցված վարույթը Հայաստանը հաջողությամբ առաջ է տանում․«Այն 1300 գործը, որը հարուցված է, դրանից որոշ հատվածով պետք է միջազգային քրեական հետապնդում իրականացվի՝ պատերազմի հանցագործների նկամամաբ, ընդհանուր իրավազորության կոնցեպտի միջազգային իրավունքի սկզբունքի հիման վրա, որը ադրբեջանցիները անում են՝ չունենալով հիմք: Իսկ մենք պետք է անենք, քանի որ մենք ունենք հիմք»։
 
 
Ղազարյանի խոսքով՝ շատ լայնածավալ փաստահավաքություն է արվում՝ լոբբիստական նատակներով, ոչ որպես իրավական գործընթաց, քանի որ պետք է համոզել և հիմնավորել պետություններին, որ Ադրբեջանը վարել է անարդարացի պատերազմ։ Դա պետք է անել ոչ միայն հրապարակային հայտարարություններով, այլև՝ ապացույցներով։
 
«Իմ ասած գործընթացներից մեծ մասն ընթացքի մեջ է։ Մենք նաև շարունակ  Եվրոպական դատարանում ասում ենք, որ Արցախը Եվրոպայի խորհրդի տարածք է և դա Դե ֆակտո այդպես է։ Եվրոպայի խորհուրդը հաստատել է դա, և, եթե այդպես է, ուրեմն այնտեղ եվրոպական կոնվենցիան պետք է գործի և այդ բնակիչները պետք է անցնեն պաշտպանության տակ», - նշեց Ղազարյանը։
 
Ըստ նրա՝ այսօր Հայաստանի գանգատն՝ ընդդեմ Ադրբեջանի, հիմնված է հենց այդ մտայնությամբ, բայց պարզ է, որ դա գտնվում է Հայաստանի իրավազորության ներքո և, կարծում է, որ հաջողությամբ այդ հայցը առաջ է տարվում։
 
Ղազարյանի խոսքով՝ պետությունը նաև պետք է մտածի որոշ գործընթացներ լուրջ ֆինանասվորելու մասին, որպեսզի հնարավոր լինի հասնել հաջողության։
 
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի օգնական  Տաթևիկ Մանուկյանը նշեց, որ Ադրբեջանում բացված պուրակի ցուցադրումները ակնհայտորեն վերահաստատում են  Հայաստանի ու Արցախի ողջ բնակչության նկատմամաբ Ադրբեջանի ցեղասպան քաղաքականության մասին։
 
«Այս ամենը ևս մեկ անգամ վկայում է, որ մենք չպետք է թույլ տանք, որ մեզ թմրեցնեն՝ ադրբեջանական կեղծ խաղաղասիրությամբ և այնպիսի կոչերով, որոնք պարզապես շղարշ են՝ նախատեսված միջազգային հանրության համար»։
 
Արա Ղազարյանն, իր հերթին, նշեց, որ այն ատելությունը, որն Ալիևը կարողացավ դաստիարակել ժողովրդի մեջ այս տարիների ընթացքում, հանելը շատ դժվար է։ Միակ հնարավոր ձևը խաղաղության պայմանագրով զսպման մեխանզմներ սահմանելն է՝ տարբեր ոլորտներում և դրա օրինակները կան միջազգային իրավունքում․«Կարծում եմ, այդ կերպ պետք է փորձել մի կերպ գոյակցել, մինչև սերունդները փոխվեն և ատելությունը նվազի»։