Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ԵԽԽՎ-ում Ադրբեջանի պատվիրակության ղեկավար. նման քննարկումը միայն բացասական ազդեցություն կունենա

ԵԽԽՎ-ում Ադրբեջանի պատվիրակության ղեկավար. նման քննարկումը միայն բացասական ազդեցություն կունենա
Միջազգային
15:41, 19 апрель 2021
Քիչ առաջ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) լիագումար նիստի ընթացքում վեհաժողովը ձայների 93 կողմ, 21 դեմ, 18 ձեռնպահ հարաբերակցությամբ հաստատեց հայ ռազմագերիների հարցով ընթացիկ հարցերի քննարկում անցկացնելու մասին՝ ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության պահանջը:

Քննարկումը տեղի կունենա երեքշաբթի՝ ապրիլի 20-ին, կեսօրին՝ ԵԽԽՎ լիագումար նիստի ընթացքում: Ինչպես արդեն տեղեկացրել ենք հայկական պատվիրակությունն ընթացիկ հարցերի շրջանակում ԵԽԽՎ օրակարգում առաջարկել էր ներառել նաև հայ ռազմագերիների հարցը: Այս անգամ ի տարբերություն ձմեռային նստաշրջանի հայկական պատվիրակության պահանջը չմերժվեց: Մինչ քվեարկությունը ձայնի իրավունք խնդրեց ԵԽԽՎ-ում ադրբեջանական պատվիրակության ղեկավար Սամադ Սեիդովը: Նա հայտարարեց, թե նման քայլերով հայկական պատվիրակությունը խոչընդոտում է Ադրբեջանի՝ խաղաղության հաստատմանն ուղղված ջանքերին: Եվ նշեց, որ նման քննարկումը միայն բացասական ազդեցություն կունենա:

ԵԽԽՎ նախագահ Հենդրիկ Դամսն ի պատասխան հիշեցրեց՝ ԵԽԽՎ Բյուրոն կողմ է քվեարկել այս առաջարկին: Նշենք, որ ընթացիկ հարցերի քննարկում կկազմակերպվի նաև COVID-19 պատվաստումների հարցով: Երկու հարց էլ՝ Ալեքսեյ Նավալնիի ձերբակալումը և կալանավորումը, Թուրքիայում ժողովրդավարական ինստիտուտների գործունեությունը, կքննարկվի հրատապ ընթացակարգով՝ հինգշաբթի օրը: