Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Գրեթե բացառում եմ, որ ԱՄՆ-ն կամ որևէ արևմտյան պետություն պատերազմ սկսի Ռուսաստանի դեմ Ուկրանիայի հարցում․ քաղաքագետ

Գրեթե բացառում եմ, որ ԱՄՆ-ն կամ որևէ արևմտյան պետություն պատերազմ սկսի Ռուսաստանի դեմ Ուկրանիայի հարցում․ քաղաքագետ
Միջազգային
17:10, 19 апрель 2021
Ուկրաինայի արևելյան շրջանի՝ Դոմբասի ուղղությամբ ռուս-ուկրաինական լարվածությունը շարունակվում է։ Civic.am-ի հետ զրույցում քաղաքագետ Բենիամին Պողոսյանը չբացառեց առաջիկայում Դոմբասում հնարավոր էսկալացիան՝ Դոնեցկի և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունների սահմանների շրջակայքում։ 

Քաղաքագետի դիտարկմամբ այդ շրջաններում ռազմական գործողություններով  ավելի շատ շահագրգռված է Ուկրաինան․ «Ուկրաինայի նախագահ Զելենսկին, երկրի ներսում, այս երկու տարվա ընթացքում իր վարկանիշը կորցրել է։ Նրան չի հաջողվել արդյունավետ պայքար մղել կոռուպցիայի դեմ, ավելին՝ Զելենսկու վարչակազմի շատ պաշտոնատար անձինք հիմա իրենք են կոռուպցիոն սկանդալների մեջ թաթախված։ Շատ փորձագետներ նշում են, որ հիմա կոռուպցիան ավելի մեծ ծավալի է հասել, քան նախկին նախագահ Պորոշենկոյի օրոք»,-մեկնաբանեց մեր զրուցակիցն ու հավելեց, որ Ուկրաինայում նաև շուրանակում է բնակչության կենսամակարդակի նվազումը։ 

Բենիամին Պողոսյանի դիտարկմամբ այս համատեքստում՝ Զելենսկու համար ներքին խնդիրներից ուշադրությունը շեղելու հնարավոր տարբերակներից մեկը՝ դա Ռուսաստանի հանդեպ ավելի կոշտ դիքրորոշում որդեգրելն է, և արտաքին թշնամու դեմ բնակչության մի մասի համախմբումը իր շուրջ․ «Ուկրաինան կցանկանա որոշակի լարվածություն առաջացնել այդ հարաբերություններում, բայց մյուս կողմից էլ Ուկրաինան շատ լավ հասկանում է, որ հիմա եթե էսկալացիա լինի՝ ապա ԱՄՆ-ն և եվրոպական երկրները չեն կարող չարձագանքել»։ 

Քաղաքագետը այս լարվածության ֆոնին կարևորում է նաև «Հյուսիսային հոսք 2» գազմուղի ճակատագիրը։ 

«Հյուսիսային հոսք 2»  գազամուղը շրջանցելու է Ուկրաինան՝ ռուսական գազը հասցնելով Գերմանիա։ Այս դեպքում Ուկրաինան ֆինանսական կորուստներ է ունենալու։ «Հյուսիսային հոսք 2»-ի շահագործմանը դեմ է նաև ԱՄՆ-ն։ 

Մեր զրուցակցի խոսքով՝ գազամուղի աշխատանքներն արդեն մոտենում են ավարտին, այն կառուցված է մոտ 97 տոկոսով, սակայն անընդհատ կա ճնշում ԱՄՆ-ի, Լեհաստանի, Ուկրաինայի կողմից Գերմանիայի նկատմամբ, որպեսզի գազամուղի աշխատանքները դադարեցվեն․ «Այդ ճնշումներն ուղղված են այն բանին, որ գազամուղը վտանգում է Եվրոպայի էներգետիկ անվտանգությունը, և դա էականորեն մեծացնելու է Ռուսաստանի ազդեցությունը Եվրոպայի վրա և մեծացնելու է Ռուսաստանի լծակները Ուկրաինայի նկատմամբ, որովհետև գազամուղի գործարկումից հետո Ռուսաստանը կարող է հրաժարվել Ուկրաինայի տարածքով գազի տարանցումից։ Հիմա, եթե նոր էսկալացիա լինի, ապա Գերմանիային շատ դժվար է լինելու դիմագրավել Վաշինգտոնից, Լեհաստանից եկող ճնշումներն, ու չդադարեցնել այդ գազամուղի կառուցումը, որին ընդամենը մի քանի ամիս ժամանակ է մնացել»։ 

Քաղաքագետն ընդգծեց, որ թեպետ Ռուսաստանը հստակ արձանագրել է, որ շահագրգռված չէ ռազմական գործողությունների բռնկմամբ, բայց եթե Ուկրաինան գնում է էսկալացիայի՝ ապա Ռուսաստանը ձեռքերը ծալած չի նստելու և տալու է բավական կոշտ պատասխան․ «Այստեղ ամբողջ խնդիրը նա է, թե ուկրաինական իշխանությունները ինչ հաշվարկներ կկատարեն՝ արդյոք նրանք կփորձեն գնալ սահմանափակ էսկալացիայի՝ զգուշանալով, որ Ռուսաստանի արձագանքը չլինի շատ կոշտ, և մյուս կողմից էլ սահմանափակ էսկալացիայով նրանք կարողանան իրենց նպատակներին հասնել։ Այսինքն, որոշակի համախմբում առաջացնեն նախագահի շուրջ, մեծացնեն ճնշումը Գերմանիայի նկատմամբ՝ «Հյուսիսային հոսքը» կասեցնելու ուղղությամբ»,-մեկնաբանեց Բենիամին Պողոսյանն ու հավելեց, որ  նույնիսկ փոքր էսկալացիայի դեպքում ոչ ոք չի կարող կանխատեսել, թե ինչպիսին կլինի Ռուսաստանի արձագանքը․ «Եթե արձագանքը լինի կոշտ և խոշորածավալ գրեթե բացառում եմ, որ ԱՄՆ-ն կամ որևէ արևմտյան պետություն ռեալ պատերազմ կսկսի Ռուսաստանի դեմ»։  

Ի պատասխան մեր հարցի՝ Թուրքիան ինչ դերակատարում կունենա՝ ռուս-ուկրաինական հակամարտության ֆոնին, քաղաքագետը արձագանքեց․ «Եթե սկսվեն լայնածավալ կոշտ գործողություններ շատ բան կախված է Թուրքիայի արձագանքից։

Այն, որ Թուրքիայի քաղաքականությունը Ուկրաինայի հարցում Ռուսաստանին որոշակի զայրացնում է՝ դա ակնհայտ է և պատահական չէ, որ Զելենսկու՝ Անկարա կատարած այցից հետո Ռուսաստանը հայտարարեց, որ 45 օրով  չեղարկում է ավիափոխադումները Թուրքիայի հետ։ Իսկ տարբեր հաշվարկներով դա ենթադրում է, որ Թուրքիայի զբոսաշրջային ոլորտը 500-600 մլն դոլարի վնաս է կրելու, սակայն չմոռանանք, որ ռեալ զբոսաշրջության սեզոնը սկսում է հունիսի 1-ից։ Եվ եթե Ռուսաստանը հունիս, հուլիս, օգոստոս ամիսներին արգելի ավիափոխադրումները դեպի Թուրքիա՝ ապա այստեղ արդեն միլիարդավոր դոլարների վնասներ են կրելու թուրքական զբոսաշրջային ընկերություններն ու Թուրքիայի տնտեսությունը»։

Այնուամենայնիվ Բենիամին Պողոսյանը կարծում է, որ շատ բարդ է ասել, թե ինչպիսին կլինի Թուրքիայի արձագանքը լայնածավալ ռազմական գործողություններում, քանի որ նախագահ Էրդողանը անկանխատեսելի գործիչ է․ «Բայց, կարծում եմ Թուրքիան ինչ-որ չափով կսկսի հավասարակշռություն պահպանել, որովհետև օրերս Թուրքիայի արտաքին գործերի նախարարը հայտարարեց, որ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պայքարում իրենք որևէ մեկին չեն պաշտպանում, և կոչ են անում, որ հարցերը կարգավորվեն խաղաղ ճանապարհով․ «Մենք ունենք բարիդրացիական հարաբերություններ թե՛ Ռուսաստանի, թե՛ Ուկրաինայի հետ»,- ասել է նա։ Իսկ Թուրքայի զինված ուժերի ուղղակի մասնակցությունը ռազմական գործողություններին, թեկուզ դրանք լինեն միջազգայնորեն ճանաչված Ուկրաինայի տարածքում, այսինքն այդ Դոնեցկի և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունների դեմ՝ դա ես բացառում եմ»։

Մեր զրուցակցից հետաքրքրվեցինք՝ հնարավո՞ր է Հայաստանը հայտնվի թիրախում, Ադրբեջանը կօգտվի՞ առիթից։ 

«Ադրբեջանը երկու բան կարող է անել կամ էսկալացիայի գնալ Արցախում, որտեղ ռուս խաղաղապահ ուժերն են, կամ Հայաստանի նկատմամբ, բայց այստեղ էլ մենք տեսնում ենք Ռուսաստանի ռազմական ներկայությունը վերջին ամիսներին  ակտիվացել է»,- պատասխանեց քաղաքագետն ու կարծիք հայտնեց, որ կասկածում է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը այնքան հիմար կարող է գտնվել, որ ռազմական գործողություններ սկսի այն տարածքների ուղղությամբ, որոնք փաստացի գտնվում են նաև ռուսական զինված ուժերի վերահսկողության կամ պաշտպանության ներքո․ «Ռուսաստանն այն պետությունը չէ, որ ռուս-ուկրաինական էսկալացիայի դեպքում իր բոլոր ուժերը կենտրոնացնի Ուկրաինայում և հետևաբար մոռանա իր շահերի կամ պարտավորությունների մասին»։  
 
Նարա Մարտիրոսյան