Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Փորձելու ենք անել հնարավորը, որ գերիների հարցը դառնա թիվ մեկ հարցը՝ ԵԽ-ի և Ադրբեջանի հարաբերություններում»․Վլադիմիր Վարդանյան

«Փորձելու ենք անել հնարավորը, որ գերիների հարցը դառնա թիվ մեկ հարցը՝ ԵԽ-ի և Ադրբեջանի հարաբերություններում»․Վլադիմիր Վարդանյան
Միջազգային
18:27, 19 апрель 2021
Այսօր ԵԽԽՎ-ի լիագումար նիստում որոշվեց քննարկել «Հայ ռազմագերիների, այլ գերեվարվածների և տեղահանված անձանց հարցը»։ Հարցի քննարկումը տեղի կունենա վաղը՝ ապրիլի 20-ին։ 

Այս առնչությամբ Civic.am-ը զրուցեց այս պահին ԵԽԽՎ-ում գտնվող ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանի հետ։

Նրա խոսքով՝ քանի որ արդեն Արցախյան պատերազմի մարդասիրական հետևանքների վերաբերյալ կա պատրաստվող փաստաթուղթ, ապա այս հարցը քննարկվելու է և առանձին փաստաթղթղի անհրաժեշտություն չկա, պարզապես պետք է, որ այս հարցը քննարկվի այսպես կոչված արդի քննարկման հարցերի շրջանակներում։

«Այսպիսի կարևորության երկու հարց էր ընդգրկված օրակարգում․ բյուրոն հավանության էր արժանացրել։ Ադրբեջանի պատվիրակության ղեկավարը ըստ էության առարկեց և պահանջեց, որպեսզի լինի քվեարկություն, քվեարկությունը հաջողությամբ պսակվեց՝ 93 կողմ, 21 դեմ, 18 ձեռնպահ հարաբերակցությամբ հարցը մտավ օրակարգ»,- ասաց պատգամավորը։

Նա նշեց, որ միջազգային կազմակերպությունների փաստաթղթերը, այդ թվում՝ ԵԽԽՎ-ի կողմից պատրաստված փաստաթղթղերը, կրում են խորհրդատվական բնույթ, բայց դրանց իրավաքաղաքական կարևորությունը չափազանց արժեքավոր է՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ սա լուրջ իրավաքաղաքական պաստառ է  ստեղծում հետագա  քաղաքական բանակցային գործընթացի, հետագա ճնշումները Ադրբեջանի նկատմամբ ուժեղացնելու համար։ 

Պատգամավորը տեղեկացրեց, որ Ադրբեջանը դեռ գտնվում է ԵԽԽՎ-ի մոնիտորինգի տակ և այդ շրջանակներում, իհարկե, չափազանց մեծ ճնշում կգործադրի այս քննարկումը ԵԽԽՎ-ի կողմից։ 

«Իրենք  նպատակահարմար չեն համարում, քանի որ սա տանելու է իրենց  իսկ կարծիքով՝ իրավիճակի էսկալացիայի, իրենք փորձում են  խաղաղություն հաստատել տարածաշրջանում․ բացարձակապես հիմնավորումների բացակայություն, պարզապես փորձ է՝ շեղել հարցի քննարկումը և ասել, որ ԵԽԽՎ-ն այն հարթակը չէ, որի շրջանակներում պետք է քննարկել այս հարցերը, բայց տեսանք, որ Ադրբեջանը, ըստ էության, մնաց մենակ իր հարևան Թուրքիայի հետ միասին և ավելի շատ ձայներ չկարողացավ հավաքել, նույնիսկ քվեարկության ժամանակ»,-ասաց Վլադիմիր Վարդանյանը։

Հարցին, թե հնարավո՞ր է  Ադրբեջանի վրա գերիների հարցով ճնշումներն ուժեղանան, Վլադիմիր Վարդանյանն ասաց, որ պետք է հստակ հասկանանք ՀՀ-ի և միջազգային կառույցեր փոխհարաբերությունների բնույթը։ 

«Մենք չպետք է գերագնահատենք և միաժամանակ թերագնահատենք այդ կառույցների դերակատարությունը։ Ամեն մեկը գործում է իր մանդատի շրջանակներում, իր հանձնառության շրջանակներում և կարող է իրականացնել այդ մանդատից բխող գործառույթներ»,- նշեց պատգամավորը։ 

Վերջինիս խոսքով՝ ԵԽԽՎ-ի գործառույթը այստեղ այն է, որպեսզի հարցի քննարկում իրականացվի, որովհետև սա, Եվրոպայի խորհրդի ներկայացուցչական մարմինն է, այդ հարցի քննարկման վերաբերյալ համապատասխան տեղեկատվություն զետեղվի նիստի պաշտոնական արձանագրության մեջ, արձանագրվի այն ամենն ինչ-որ ասվում է այստեղ, հնչեն ելույթներ քաղաքական խմբերի անունից որովհետև քաղաքական խմբերն են նախաձեռնում այս ամենը։ 

Պատգամավորի խոսքով՝ դրա արդյունքում Եվրոպայի խորհրդի այլ մարմինները, մասնավորապես՝ ՄԻԵԴ-ը, Նախարարների կոմիտեն և այլ մասնագիտացված մարմիններ, տեղեկություն ունենան, թե ինչ քննարկում, ինչ մոտեցումներ ու ինչ ազդակներ կան ԵԽԽՎ-ում։ 

«Մենք բազմիցս խոսել ենք, որ Հայաստանի դիրքորոշումն այն է, որ ղարաբաղյան հարցի լուծումը կկարգավորվի ՄԽ համանախագահության շրջանակներում, ինչ վերաբերում է  գերիների հարցերին, ապա այդ հարցը փոխկապակցված է Ադրբեջանի կողմից ստանձնած այլ պարտավորությունների  հետ, մասնավորապես՝ Ժնևի կոնվենցիաների շրջանակներում ստանձնած պարտավորությունների հետ և Եվրոպայի խորհրդի կողմից  ընդունված կամ հավանության արժանացած փաստաղթղերի հետ։ Սա է և սրա վրա է հիմնված քննարկումը»,-ասաց Վլադիմիր Վարդանյանը։

Պատգամավորը նաև ասաց, որ պետք է չմոռանանք, որ շատ դեպքերում քաղաքական ճնշումը շատ ավելի մեծ ազդեցություն կարող է ունենալ, քան որևիցե կազմակերպության որևիցե փաստաթուղթ, որը պարզապես արձանագրելու է գործող իրավիճակը և ոչ մի բան չանի։

«Մենք փորձելու ենք անել հնարավորինը, որպեսզի այս հարցը դառնա համար մեկ  հարցը Եվրոպայի խորհրդի և Ադրբեջանի հարաբերություններում՝ կապված և՛ մոնիտորինգային գործառույթների հետ, և՛ ընդհանրապես Ադրբեջան-Եվրոպայի խորհուրդ հարաբերությունների լեյտմոտիվը դառնա»,- իր խոսքն այսպես եզրափակեց Վլադիմիր Վարդանյանը։