Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ԱՄՆ-ը վճռականորեն պաշտպանում է Հայաստանի և Ադրբեջանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը. Բլինքենը՝ Միրզոյանի և Բայրամովի հետ հանդիպմանը

ԱՄՆ-ը վճռականորեն պաշտպանում է Հայաստանի և Ադրբեջանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը. Բլինքենը՝ Միրզոյանի և Բայրամովի հետ հանդիպմանը
Միջազգային
13:32, 08 ноябрь 2022
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը երկուշաբթի օրը Վաշինգտոնում ընդունել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանին և Ջեյհուն Բայրամովին՝ շարունակելու համար «շատ արդյունավետ քննարկումները, որոնք սկսվել են Նյու Յորքում և մեր թիմերի միջև հետագա զրույցների ընթացքում», ասել է նա:

 Որպես պետքարտուղարի և ԱԳ նախարարների հանդիպման վայր ընտրվել է Blair House պատմական առանձնատունը, որը տեղակայված է Սպիտակ տան դիմաց: 

Բլինքենի կողքին նստել էին Կովկասի բանակցությունների հարցով ավագ խորհրդական Ֆիլ Ռիքերը, պետքարտուղարի օգնական Քարեն Դոնֆրիդը և նրա տեղակալ Էրիկա Օլսոնը։

Բացման խոսքում պետքարտուղարը գովաբանել է Հայաստանին և Ադրբեջանին «իրական և խիզախ քայլերի» համար, որոնք ուղղված են անցյալը հետևում թողնելուն և կայուն խաղաղություն հաստատելու աշխատանքին:

«ԱՄՆ-ը վճռականորեն պաշտպանում է ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը։ 1991 թվականին անկախության վերականգնումը կենսականորեն կարևոր պահ էր երկու երկրների իրավունքների ապահովման համար, իրավունքներ, որոնք մենք վճռականորեն պաշտպանում ենք»,- ընդգծել է նա։ 

«Ես կարծում եմ՝ նաև արդարացի կլինի ասել, որ Լեռնային Ղարաբաղի շուրջ 30-ից ավելի տարվա հակամարտությունը հանգեցրել է մարդկային և նյութական հսկայական կորուստների՝ կորսված կյանքեր, խոր սպիներ: Բայց այն, ինչ մենք հիմա տեսնում ենք, իրական և խիզախ քայլեր են երկու երկրների կողմից՝ անցյալը հետևում թողնելու և կայուն խաղաղության հասնելու աշխատանքի համար»,- ասել է Բլինքենը: «Միացյալ Նահանգները, որպես Հայաստանի և Ադրբեջանի բարեկամ, պարտավորվում է անել հնարավոր ամեն բան՝ աջակցելու ձեզ այս ջանքերում, օգնելու այն ամենով, ինչով կարող ենք»,- ընդգծել է նա։ 

Այնուհետեւ հանդիպումը շարունակվել է փակ դռների հետևում։ Ավարտից հետո արդյունքների մասին չի հայտարարվել, թեև ակնկալվում էր, որ Պետդեպարտամենտը կհրապարակի հաշվետվություն: 

Ինչպես մի քանի այլ աղբյուրներից հայտնի է դարձել, նախարարները պայմանավորվել են շարունակել բանակցությունները նոյեմբերի վերջին-դեկտեմբերի սկզբին:

state.gov