Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ադրբեջանում հայ գերու սպանության դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ

Ադրբեջանում հայ գերու սպանության դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ
Միջազգային
15:58, 20 апрель 2021
Ադրբեջանցիների կողմից գերեվարված 18-ամյա զինծառայող Էրիկ Մխիթարյանի սպանության փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 390-րդ հոդվածի հատկանիշներով՝ ռազմագերու սպանության համար։ Այս մասին «Փաստինֆո»-ի հարցմանն ի պատասխան հայտնել է ՀՀ ՔԿ քրեագիտական վարչության պետ Ռաֆայել Վարդանյանը՝ ընդգծելով, որ կատարվում են քննչական և դատավարական բոլոր անհրաժեշտ գործողությունները, կատարվում է քննություն՝ սպանության հանգամանքները պարզելու ուղղությամբ։

Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ ադրբեջանցիները սպանել են գերեվարված Կաթնաջուր գյուղի բնակիչ, 18-ամյա զինծառայող Էրիկ Մխիթարյանին, որի դին բոլորովին վերջերս ճանաչվել էր ԴՆԹ եռակի հետազոտության արդյունքում։

Վարդանյանը տեղեկացրեց, որ Մխիթարյանի սպանության օրը հայտնի չէ, սակայն տեսանյութը, որը փաստում է նրա գերեվարված լինելը, տարածվել է նոյեմբերի 24-ին՝ տելեգրամյան ալիքներում։

Նշենք, որ տարածվել էր երկու տեսանյութ, որոնցից մեկը 21 վայրկյան տևողությամբ, մյուսը՝ 14 վայրկյան տևողությամբ, որտեղ ադրբեջանցիներն այլևս չէին երևում։ Տեսանյութի ամբողջական տարբերակը գտնվում է Քննչական կոմիտեի տիրապետության տակ։

Մխիթարյանի սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործը միացվել է ՔԿ-ում քննվող՝ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից ագրեսիվ պատերազմ սանձազերծելու և վարելու, միջազգային պայմանագրով արգելված միջոցներ և մեթոդներ կիրառելու, միջազգգային մարդասիրական իրավունքի նորմերի լրջագույն խախտումներ կատարելու դեպքերի առթիվ հարուցված քրեական գործին։

Արձանագրենք, որ ռազմագերիների սպանությունն արգելված է նաև «Ռազմագերիների հետ վարվելակերպի մասին» Ժնևի կոնվենցիայով։ Է.Մխիթարյանը միակ գերին չէ, որը սպանվել է Ադրբեջանի կողմից։ Նախկինում նաեւ պատգամավորներն են ահազանգել դեպքերի մասին,  երբ ադրբեջանական վայրագության զոհ են դարձել նաեւ գերիներ՝ անգամ ՄԻԵԴ-ի կողմից նրանց վերաբերյալ միջանկյալ որոշում կայացվելու պարագայում։