Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Պնդումը, թե ԵԽԽՎ-ում Ռուսաստանի ներկայացուցիչները դեմ են քվեարկել միայն հայ գերիների մասին հարցին, համապատասխանում է իրականությանը․FIP

Պնդումը, թե ԵԽԽՎ-ում Ռուսաստանի ներկայացուցիչները դեմ են քվեարկել միայն հայ գերիների մասին հարցին, համապատասխանում է իրականությանը․FIP
Միջազգային
16:11, 20 апрель 2021
Սոցիալական ցանցերում և մամուլում ակտիվ քննարկվում է Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովում ապրիլի 19-ին կայացած քվեարկությունը, որի արդյունքում լիագումար նստաշրջանի օրակարգում ընդգրկվեց Ադրբեջանում գտնվող «հայ ռազմագերիների, պահվող այլ անձանց և տեղահանված անձանց մասին» հարցը։

Մասնավորապես, ըստ սոցիալական ցանցերի մի շարք հրապարակումների, հարցի՝ օրակարգում ներառվելուն դեմ են քվեարկել նաև Ռուսաստանի ներկայացուցիչները։ Այս պնդումը տարածողների շարքում է նաև «Հանուն Հանրապետությանը» կուսակցության ղեկավար, Ազգային ժողովի անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը։ 

«Ուշագրավ է, որ հայ գերիների ու տեղահանված անձանց հարցը ԵԽԽՎ լիագումար նիստի օրակարգում ներառելուն, ի շարս թուրքերի և ադրբեջանցիների, դեմ են քվեարկել նաև ԵԽԽՎ-ում Հայաստանի ռազմավարական դաշնակից Ռուսաստանի ԵԽԽՎ պատվիրակության մի քանի անդամներ»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Բաբաջանյանը։ 

«Փաստերի ստուգման հարթակը» ստուգել է այս պնդումների ճշմարտացիությունը և քվեարկության արդյունքները։
Այսպես, ԵԽԽՎ լիագումար նստաշրջանի օրակարգն ընդունվել է ոչ թե առանձին հարցերով, այլ երկու փաթեթով՝ հրատապ հարցեր և նախատեսված հարցեր։ Հայ ռազմագերիների հարցն ընգրկված էր նախատեսված հարցերի փաթեթում՝ երեք այլ հարցերի հետ, որոնցից մեկը «Ռուսաստանի սպառնալիքը Եվրոպայում խաղաղության հետապնդման համար» հարցն է։ Նկարում ընդգծված է նախատեսված հարցերի քննարկման օրակարգը։ 
Հարցերի փաթեթի՝ քվեարկության դրվելուց առաջ Ադրբեջանի ներկայացուցիչ Սամադ Սեյիդովը, սակայն, դիմեց նիստը վարողին՝ խնդրելով առանձին քվեարկել հայ ռազմագերին վերաբերող հարցը օրակարգ ընդգրկելու հարցը։ Ստորև ներկայացված է նիստի՝ հայ գերիներին վերաբերող հարցի քննարկումը և Ադրբեջանի ներկայացուցչի ելույթը։ 

Հարցի քննարկումն անցել է լրագումար նստաշրջան 93 կողմ, 21 դեմ և 18 ձեռնպահ ձայներով։ Դեմ քվեարկողների շարքում են նաև Ռուսաստանի հինգ ներկայացուցիչ, մյուս յոթը քվեարկել են ձեռնպահ։