Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ԵԽԽՎ-ում Ռուսաստանի պատվիրակությունն անտեսել է հայ ռազմագերիների թեմայով քննարկումը․ որևէ պատվիրակ ելույթ չի ունեցել

ԵԽԽՎ-ում Ռուսաստանի պատվիրակությունն անտեսել է հայ ռազմագերիների թեմայով քննարկումը․ որևէ պատվիրակ ելույթ չի ունեցել
Միջազգային
18:50, 21 апрель 2021
Երեկ ԵԽԽՎ լիագումար նիստում կայացավ Ադրբեջանում գտնվող հայ ռազմագերիներ հարցի քննարկումը։ Որքան էլ զարմանալի էր, անգամ նախօրեի խայտառակ քվեարկությունից հետո ԵԽԽՎ-ում ռուսական պատվիրակությունը չփորձեց ելույթ ունենալ՝ ի պաշտպանություն հայ ռազմագերիների։ Անգամ գրանցված որևէ պատգամավոր չկար։ Սա այն դեպքում, երբ հենց Ռուսաստանն է նոյեմբերի 9-ի հայտարարության միջնորդն ու գարանտը, ու պետք է շահագրգռված լիներ գերիների օր առաջ ազատման հարցում։  

Հիշեցնենք, որ ապրիլի 19-ին ԵԽԽՎ գարնանային նստաշրջանի լիագումար նիստի օրակարգում ներառվեց նաև հայ գերիների, ինչպես նաև պատերազմի ժամանակ տեղահանված անձանց հարցի քննարկումը և ի թիվս Ադրբեջանի և Թուրքիայի պատվիրակների՝ հայ ռազմագերիների հարցի քննարկմանը դեմ կամ ձեռնպահ քվեարկեցին Արցախում խաղաղապահ առաքելության իրականացնող ՀՀ դաշնակից Ռուսաստանի պատվիրակները։ 
 
 Civic.am-ը հարցեր է ուղղել ԵԽԽՎ-ում ՌԴ պատվիրակության ղեկավար Պյոտր Տոլստոյին՝ խնդրելով պատասխանել, թե ինչո՞ւ ԵԽԽՎ ռուս պատվիրակներից որևէ մեկը ելույթ չունեցավ հայ գերիների մասին քննարկման ժամանակ։ Եվ եթե իսկապես տեխնիկական խնդրիր էր եղել ՌԴ պատվիրակության քվեարկության ժամանակ, ինչո՞ւ քվեարկության պատկերը մինչ այժմ չի փոխվել։ Նշենք, որ ՌԴ պատվիրակությունը հայտարարել էր, թե տեխնիկական խնդիր է եղել և իրենք դիմում են ներկայացրել ԵԽԽՎ նախագահությանը։ 

ԵԽԽՎ-ում ՌԴ պատվիրակության ղեկավարը դեռ չի պատասխանել մեր հարցերին։ Քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը երեկ Civic.am-ի հետ զրույցում նշել էր, որ եթե ռուս պատգամավորների ելույթներն ուղղված լինեն հօգուտ ռազմագերիների ազատման՝ ապա կընդունենք, թե  պատահական է ստացվել նրանց «դեմ» քվեարկությունը։ 
Ստացվում է՝ ՌԴ պատվիրակությունը ոչ միայն դեմ կամ ձեռնպահ է քվեարկել հայ գերիների հարցի քննարկմանը, այլև հրաժարվել է որևէ խոսք ասել ԵԽԽՎ-ում՝ պահանջելու նրանց ազատ արձակումը։ 

Մարինե Խառատյան