Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ադրբեջանն ի սկզբանե ԵԽԽՎ մոնիտորինգի տակ է․ հայ գերիների վերադարձման պահանջը ուժեղացնում է ճնշումը նրա նկատմամբ․ Վլադիմիր Վարդանյան

Ադրբեջանն ի սկզբանե ԵԽԽՎ մոնիտորինգի տակ է․ հայ գերիների վերադարձման պահանջը ուժեղացնում է ճնշումը նրա նկատմամբ․ Վլադիմիր Վարդանյան
Միջազգային
18:36, 22 апрель 2021
ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ջանքերի շնորհիվ ԵԽԽՎ Մոնիտորինգային հանձնաժողովը հայտարարություն ընդունեց՝ Ադրբեջանին կոչ անելով անհապաղ վերադարձնել հայ գերեվարվածներին։ Նշենք, որ ԵԽԽՎ գարնանային նստաշրջանի լիագումար նիստում՝ չնայած Ադրբեջանի, Թուրքիայի և Ռուսաստանի պատվիրակների դեմ ձայներին, այնուամենայնիվ, հայ ռազմագերիների, գերիների և պատերազմի ժամանակ տեղահանվածների հարցի քննարկումն ընդգրկվեց օրակարգ։ 

Civic.am-ի հետ զրույցում ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության անդամ Վլադիմիր Վարդանյանն անդրադարձավ ԵԽԽՎ Մոնիտորինգային կոմիտեի հայտարարության կարևորությանը․
«ԵԽԽՎ Մոնիտորինգի հանձնաժողովն այն մարմինն է, որը դիտարկում է մոնիտորինգային ընթացակարգի տակ գտնվող պետության կողմից՝ Եվոպայի խորհրդի առջև ստանձնած իր պարտավորությունների կատարումը։ Այս տեսանկյունից հարց կարող է առաջանալ՝ արդյո՞ք այդ երկիրը կարող է շարունակել մնալ Եվրոպայի խորհրդի անդամ, թե ոչ»,- նշեց պատգամավորն ու պարզաբանեց, որ հանձնաժողովը հնարավորություն է տալիս գնահատականներ տալ պետությունների վարքագծին՝ հատկապես եթե վերջինները հայտնվում են մոնիտորնիգային գործընթացի շրջանակներում, իսկ Ադրբեջանն ի սկզբանե մոնիտորինգային գործընթացի տակ է։ 

Վլադիմիր Վարդանյանն այս համատեքստում ընդգծեց, որ Ադրբեջանն իր դրսևորած վարքագծով շարունակում է խախտել եվրոպական ստանդարտները և այն պարտավորությունները, որը նա ունի Եվրոպական կոնվենցիայի շրջանակներում։ Եվ Մոնիտորինգային հանձնաժողովի այս հայտարարությունն ուղղված է ցույց տալու հենց դա։

Ի պատասխան այն հարցի, եթե այս հայտարարությունից հետո Ադրբեջանն անհապաղ ազատ չարձակի հայ գերիներին՝ սա ի՞նչ ազդեցություն կունենա, մեր զրուցակիցն արձագանքեց. «Այդ կառույցների կողմից ընդունվող փաստաթղթերը քաղաքական բնույթ ունեն, դրանք չունեն պարտադիր բնույթ։ Սակայն միջազգային կառույցների այս հայտարարությունները կաթիլ առ կաթիլ ուժեղացնում են ճնշումը Ադրբեջանի նկատմամբ, և վաղ թե ուշ այդ բոլոր ճնշումների արդյունքում մենք հասնում ենք արդյունքի»։ 

Չնայած ԵԽԽՎ-ում հայկական կողմի գործադրած ջանքերին ու գերիների հարցը քննարկման օրակարգ բերելու հաջողված արդյունքին, նախկին իշխանությունները քննադատեցին այդ ջանքները։ Օրինակ՝ ԱԺ ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Սամվել Ֆարմանյանը Ֆեյսբուքի իր էջում գրառել էր․ «Քաղաքական կոպտագույն վրիպում է ԵԽԽՎ օրակարգում հայ ռազմագերիների հարցի ներառումը․․․ այդ քննարկումը ոչ միայն միլիմետր անգամ չի մոտեցնելու Ադրբեջանում պահվող մեր հայրենակիցների վերադարձի հարցի լուծումը, այլ ճիշտ հակառակը՝ վնասելու է այդ գործին»։

Civic.am-ը Վլադիմիր Վարդանյանին խնդրեց այս և նմանօրինակ հայտարարություններին գնահատական տալ՝ հաշվի առնելով, որ արդեն իսկ կա ԵԽԽՎ Մոնիտորինգի հանձնաժողովի հայտարարությունը։

«Երբ մեզ չհաջողվեց հունվար ամսին ԵԽԽՎ-ի օրակարգ ընդգրկել գերիների հարցը, նույն շրջանակաները մեզ մեղադրում էին, որ ոչինչ չենք արել, որ հարցն ընգրկվի օրակարգ։ Եվ եթե իրենք մտածում են, որ սա կոպտագույն խախտում էր և ոչ լուրջ քայլ, ապա առնվազն հունվարին ոչ թե մեզ պետք է քննադատեին, որ հարցը չմտավ օրակարգ, այլ պետք է ասեին, որ սա արկածախնդրություն է, որովհետև գերիների հարցը չպետք է քննարկվի ԵԽԽՎ-ում։ Ասել, որ սա կոպտագույն սխալ էր՝ նշանակում է զբաղվել ինքնախաբեությամբ»,-ընդգծեց Վլադիմիր Վարդանյանը։

Նա, եզրափակելով խոսքը, հիշատակեց, որ իրենք պետք է աշխատեն և աշխատում են օրական 24 ժամ, որ գերիների հարցը լուծվի․ «Դա թասիբի հարց է և մենք դրանով զբաղվում ենք։ Եվ եթե ճանապարհին կանգնես և ամեն հաչող շան վրա քար գցես՝ դու երբեք չես հասնի այնտեղ, որտեղ գնում ես»։