Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Տարօրինակ է մի շարք բարեկամ երկրների լռությունը. Նիկոլ Փաշինյանը՝ ԼՂ-ում հումանիտար աղետի և Ադրբեջանի ցեղասպան քաղաքականության մասին

«Ադրբեջանի կողմից իր իսկ ստանձնած գրավոր պարտավորությունների խրոնիկ խախտումները միջազգային գնահատականի արժանացնելը մեր հիմնական հավաքական աշխատանքը պետք է լինի»,- այսօր՝ դեկտեմբերի 15-ին, Կառավարության հերթական նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը և հավելեց, որ բոլորը պետք է իրենց լուման ներդնեն այս գործում՝ ի ցույց դնելու համար, որ Ադրբեջանի կողմից 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության պարբերական խախտումները նախևառաջ Լեռնային Ղարաբաղի բնակիչների ցեղասպանության կամ հայրենազրկման նպատակ ունեն:

Ինչպես նշեց Նիկոլ Փաշինյանը, Ադրբեջանը շարունակաբար իրագործում է Լեռնային Ղարաբաղն առանց հայերի քաղաքականություն. «Մենք ամեն ինչ պետք է անենք, որ այս քաղաքականությունը միջազգային պատշաճ գնահատականի արժանանա»:

Վարչապետը շնորհակալություն հայտնեց բոլոր այն երկրներին, որոնք արդեն իսկ արձագանքել և գնահատական են տվել Լաչինի միջանցքը փակելու և Լեռնային Ղարաբաղում հումանիտար աղետ առաջացնելու Ադրբեջանի քաղաքականությանը. «Տարօրինակ է մի շարք բարեկամ երկրների լռությունը այս առումով»:

Նիկոլ Փաշինյանը հավելեց, որ լիարժեքորեն պաշտպանում է ՀՀ ԱԺ-ի կողմից երեկ ընդունված հայտարարությունը: