Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հայոց ցեղասպանության մասին լռելը քայքայում է եվրոպական արժեքների հիմքերը. իտալացի պատգամավոր

Հայոց ցեղասպանության մասին լռելը քայքայում է եվրոպական արժեքների հիմքերը. իտալացի պատգամավոր
Միջազգային
14:25, 24 апрель 2021
Եվրախորհրդարանի իտալացի պատգամավոր Ալեսանդրա Բասոյի կարծիքով` Հայոց ցեղասպանության մասին լռելը քայքայում է եվրոպական արժեքների հիմքերը: Այս մասին պատգամավորը նշել է իր տեսաուղերձում:



«Մենք չենք կարող անտեսել Հայոց ցեղասպանության թեման, մեկ ու կես միլիոն քրիստոնյա ժողովրդի զանգվածային սպանությունը, որը Թուրքիան դեռևս հրաժարվում է ճանաչել՝ միաժամանակ հպարտանալով Եվրամիությանն անդամակցելու համար թեկնածու երկիր լինելու իր կարգավիճակով։ Այժմ, չխոսելով Հայոց ցեղասպանության մասին, անհարգալից վերաբերմունք է ցուցաբերվում մի ժողովրդի նկատմամբ, որն իր սեփական զոհերի, վերապրածների և իր հետնորդների համար արժանի է արժանապատվության։ Հայոց ցեղասպանության մասին լռելը քայքայում է Եվրոպայի հիմնարար արժեքների հիմքերը, և  ավելի քան 15 տարի Եվրոպական Միությունը պայքարում է, որպեսզի Թուրքիան ներողություն խնդրի հայ ժողովրդից»,- նշել է պատգամավորը:

Ալեսանդրա Բասոն ընդգծել է, որ Իտալիան դատապարտում է 1900-ականներին տեղի ունեցած կոտորածները։

«2000թ-ին Իտալիայի խորհրդարանը հավանություն տվեց միջնորդությանը, որը պահանջում էր Հայոց ցեղասպանության ճանաչումը Թուրքիայի կողմից։ 2019թ-ին մեկ այլ քվեարկությամբ խորհրդարանը բացահայտ կերպով խնդրեց այս ողբերգության ճանաչումը մեր երկրի կողմից։ 2005թ-ին Եվրոպական խորհրդարանը քվեարկեց և հավանություն տվեց այս պատմական իրադարձության ճանաչման միջնորդությանը։ Հայերը, ովքեր այդ ժամանակ կարողացան ապաստան գտնել Իտալիայում, շատ արագ և օրինակելի կերպով ինտեգրվեցին մեր ժողովրդի մեջ՝ հարստացնելով մեզ հազարամյա մշակութային և մտավոր ներդրումներով։ Այս իրադարձությունը պետք է օգնի մեզ հետագայում նույնպես կանխել անպաշտպան ժողովուրդների՝ իրենց ազգության կամ կրոնական հավատքի համար կոտորածները»,- եզրափակել է Ալեսանդրա Բասոն:

Ապրիլի 24-ին լրանում է Օսմանյան Կայսրության կողմից կազմակերպված և իրականացված 20-րդ դարի առաջին ցեղասպանության՝ Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցը: Իտալիայի Պատգամավորների պալաը 2000թ. նոյեմբերի 16-ին Հայոց ցեղասպանությունը ճանաչող որոշում է ընդունել։ 2019թ. ապրիլի 10-ին Պատգամավորների պալատը նախաձեռնություն է հեղինակել, որով կոչ է արել Իտալիայի կառավարությանը ճանաչել Հայոց ցեղասպանությունը։ Հայոց ցեղասպանությունը ճանաչել են Իտալիայի մի շարք նահանգային և քաղաքային խորհուրդներ։