Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Աշխարհը մոտ է մարդկության դեմ առաջին զանգվածային հանցագործության ճանաչմանը. ուկրաինացի պատգամավոր

Աշխարհը մոտ է մարդկության դեմ առաջին զանգվածային հանցագործության ճանաչմանը. ուկրաինացի պատգամավոր
Միջազգային
14:44, 24 апрель 2021
Ուկրաինայի Գերագույն ռադայի պատգամավոր Օլեքսանդր Լուկաշևն անգամ 106 տարի անց, առաջադեմ մարդկության համար, կարևորագույն նպատակներից է համարում Հայոց ցեղասպանության ճանաչումը:

Լուկաշևը կարևորում է նաև հույների և ասորիների ցեղասպանության ճանաչման հարցը:

«Այս հանցագործությունը մարդկության և քաղաքակրթության դեմ է եղել և կա: Այն ավելի վաղ ճանաչելու դեպքում աշխարհը կարող էր խուսափել Հոլոքոսթից, ապարտեդից և մի շարք այլ սարսափելի, անմարդկային իրադարձություններից»,- նշեց Լուկաշևը:

Անդրադառնալով հարցին, թե կարո՞ղ է, արդյոք, Թուրքիան ընդունել Հայոց ցեղասպանությունը՝ հաշվի առնելով այդ երկրի ագրեսիվ քաղաքականությունը, պատգամավորն ասաց, որ դա շատ խորը հարց է:

Նրա խոսքով՝ հնարավոր է, որ մի օր Թուրքիայում իշխանության գա մի մարդ, ով կհասկանա իր հին հարևանների՝ Հայաստանի և Հունաստանի հետ հարաբերությունների կարգավորման կարևորությունը, և կընդունի իրենց մեղքն այդ երկրների առջև, փոխհատուցումներ կվճարի ցեղասպանությունը վերապրածների սերունդներին կամ գոնե ներողություն կխնդրի։

«Առանց դրա Հայաստանն ու Հունաստանը երբեք չեն գնա հաշտեցման, և լարված իրավիճակը տարածաշրջանում կմնա անփոփոխ։ Ամենայն հավանականությամբ, Թուրքիայի գերագույն իշխանությունը հասկանում է, որ Ցեղասպանության փաստի ճանաչումից հետո Հայաստանը կարող է տարածքային պահանջներ ներկայացնել, բայց ես հակված եմ այն մտքին, որ հայերը պարզապես ցանկանում են վերականգնել արդարությունը։ Նրանք ցանկանում են, որ իրենց նախնիները հանգիստ հանգչեն հողում։ Այդ ժողովուրդը հոգնել է արյունից: Ցավոք, Թուրքիայի ներկայիս իշխանության օրոք՝ Էրդողանի գլխավորությամբ, և հատկապես հաշվի առնելով այն, թե ինչպիսի թիկունք է այդ երկիրն այժմ Ադրբեջանի համար, ճանաչումը շատ քիչ հավանական է»,- նշեց Օլեքսանդր Լուկաշևը։

Հարցին, թե ինչ կարծիք ունի ապրիլի 22-ին ԶԼՄ-ներում տարածված այն լուրի վերաբերյալ, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը պատրաստվում է ճանաչել Հայոց ցեղասպանությունը, պատգամավորն ասաց, որ ինքը շատ է հավատում, և դա բավականին իրատեսական է:

«1915-1923 թթ. տեղի ունեցած ցեղասպանությունն ԱՄՆ 50 նահանգից 49-ն արդեն ճանաչել և դատապարտել է։ Բացի այդ, ապրիլի 24-ը ԱՄՆ-ում համարվում է հայ ժողովրդի զոհերի հիշատակի օր։ Օրերս էլ հայտնի դարձավ, որ Լոս Անջելեսում ապրիլ ամսվա ընթացքում հայտարարվել է Հայաստանի պատմության ամիս։ Եվրոպական որոշ երկրներ արդեն իսկ կանգնած են ճանաչման շեմին։ Ես հույս ունեմ, որ աշխարհը հենց հիմա մոտ է մարդկության դեմ առաջին զանգվածային հանցագործության ճանաչմանը։ Յուրաքանչյուր ոք պետք է պատասխան տա և ճանաչի սեփական հանցագործությունները: Ճշմարտությունն ու արդարությունը միշտ հաղթում են»,- եզրափակեց Լուկաշևը: