Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Միջազգային առաջատար մի շարք ԶԼՄ-ներ անդրադարձել են Ստեփանակերտում կայացած հանրահավաքին և Լաչինի շուրջ ստեղծված հումանիտար ճգնաժամին

Միջազգային առաջատար մի շարք ԶԼՄ-ներ անդրադարձել են Ստեփանակերտում կայացած հանրահավաքին և Լաչինի շուրջ ստեղծված հումանիտար ճգնաժամին
Միջազգային
13:03, 26 декабрь 2022
Արցախի Հանրապետության  մայրաքաղաք Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում դեկտեմբերի 25-ին տեղի ունեցած համաժողովրդական հանրահավաքին անդրադարձել են միջազգային մի շարք առաջատար լրատվամիջոցներ: Հանրահավաքի մասին գրել է Agence France Presse (AFP) գործակալությունը, որը տարածել են France 24, Digital Journal, Channel News Asia, RFI լրատվամիջոցները:

Հոդվածի հեղինակը հակիրճ ներկայացնում է Հայաստանի և Ադրբեջանի միջև տիրող իրավիճակը, ինչպես նաև Արցախի ժողովրդի՝ 2 շաբաթ շարունակվող արգելափակումը:

Հոդվածագիրը, վկայակոչելով ՀՀ կառավարությանը, նշում է, որ Լաչինի միջանցքի արգելափակումից հետո Լեռնային Ղարաբաղում առաջացել է սննդի, դեղորայքի և վառելիքի պակաս: AFP-ի թղթակիցը զրուցել է Ստեփանակերտի 70-ամյա բնակչուհի Դոնարա Գաբրիելյանի հետ, ով շեշտել է, որ Լաչինի միջանցքով Արցախը կապվում է ոչ միայն Հայաստանի հետ:

«Սա միակ ճանապարհն է, որ կապում է Արցախը մնացած աշխարհի հետ, ոչ միայն Հայաստանի, քանի որ մենք աշխարհի հետ կապվում ենք Հայաստանի միջոցով», - ասել է Դոնարա Գաբրիելյանը: 
 
Դրանում անդրադարձ կա նաև ռուս խաղաղապահների առաքելությանը և նշվում է՝ ՀՀ կառավարությունը հայտարարել է, որ խաղաղապահները չեն կարողանում ապահովել միջանցքով անխափան տեղաշարժը։

Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված հումանիտար ճգնաժամին անդրադարձել է նաև Euronews-ի ֆրանսիական ծառայությունը՝ ներկայացնելով Հայաստանի և Ադրբեջանի պահանջները ստեղծված իրավիճակում։ Անդրադարձում ներկայացվում է նաև սննդամթերքի և դեղերի անբավարարությունը մայրաքաղաք Ստեփանակերտում։ 

Ստեփանակերտում երեկ տեղի ունեցած հանրահավաքին է անդրադարձել նաև ТАСС լրատվական գործակալությունը: Լրատվամիջոցը նույնպես ներկայացրել է վերջին երկու շաբաթներին Լաչինի միջանցքի արգելափակումը և երկու կողմերի հայտարարություններն այդ առնչությամբ: