Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Շվեյցարիայում կայացել են Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցի ոգեկոչման միջոցառումներ

Շվեյցարիայում կայացել են Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցի ոգեկոչման միջոցառումներ
Միջազգային
19:47, 25 апрель 2021
Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցի կապակցությամբ Ժնևի Սուրբ Հակոբ հայոց եկեղեցում Շվեյցարիայի հայոց թեմի առաջնորդական տեղապահ Հոգեշնորհ Տ.Գուսան վարդապետ Ալջանյանի կողմից ապրիլի 24-ին մատուցվել է Սուրբ Պատարագ՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների։ Ոգեկոչկման արարողությունը շարունակվել է եկեղեցու հարևանությամբ բացօթյա տարածքում՝ Մեծ Եղեռնի զոհերի հուշարձանի մոտ։ Դուդուկահար Լևոն Մինասյանի կատարմամբ հնչել է Կոմիտասի «Դլե Յամանը»։ Ինչպես տեղեկացրին Շվեյցարիայում Հայաստանի դեսպանությունից, ելույթով հանդես է եկել Շվեյցարիայի հայկական միության (Union Arménienne de Suisse)  փոխնախագահ Րաֆֆի Գիրագոսյանը։

Ըստ աղբյուրի՝ Շվեյցարիայում ՀՀ դեսպան Անդրանիկ Հովհաննիսյանը ծաղկեպսակ է զետեղել Մեծ Եղեռնի զոհերի հուշարձանին։ Ներկաներին ուղղված իր խոսքում նա երախտիքի խոսք է ուղղել այն շվեյցարացիներին, որոնք Հայոց ցեղասպանության օրերին նեցուկ կանգնեցին մեր ժողովրդին՝ փրկելով հարյուրավոր կյանքեր։ Դեսպանը նշել է. «Հայ ժողովուրդն իր մեջ ուժ և կամք գտավ, հակառակ իրեն պատուհասած բոլոր արհավիրքների, վերապրելու ու վերընձյուղվելու ի Մայր Հայաստան և ի սփյուռս աշխարհի։ Ավելին, հայ ժողովուրդը պատմական իրողություն դարձրեց հայոց անկախ պետականությունը, որը կանխելու նպատակով էին օսմանյան պարագլուխները ձեռնարկում իրենց հրեշավոր հայակործան ծրագիրը։ Սարդարապատի զանգերն այսօր էլ ղողանջում են՝ կանչելով մեզ ամուր ու անսասան պահել Հայաստանի անկախ պետությունը, քանի որ այն հայ ժողովրդի հավիտենական գոյության անփոխարինելի երաշխավորն է»։

Դեսպանությունից նաև հայտնում են, որ նույն օրը Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցի կապակցությամբ ոգեկոչման միջոցառումներ են տեղի ունեցել Ցյուրիխում, Տիչինոյում, Դուբենդորֆում և Շվեյցարիայի մի շարք այլ բնակավայրերում։