Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Որոնք էին ԱՄՆ նախագահի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման նախադրյալներն ու գործոնները․ ՀԺ

Որոնք էին ԱՄՆ նախագահի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման նախադրյալներն ու գործոնները․ ՀԺ
Միջազգային
16:03, 26 апрель 2021
«Հայկական Ժամանակը» գրում է, որ ԱՄՆ 46-րդ նախագահի կողմից Հայոց ցեղասպանության եզրույթի կիրառումը և, ըստ այդմ, ԱՄՆ դաշնային կառավարության կողմից ցեղասպանության ճանաչումը որպես իրավական ու պատմական փաստ այլևս անբեկանելի է։ Դեռևս շաբաթներ առաջ, երբ «Նեյշընլ Ինթերսթում» հոդված հրապարակվեց՝ ակնարկվելով, որ այս անգամ Բայդենը կճանաչի ցեղասպանությունը, իսկ հետո արդեն ապրիլի 23-ի Բայդենի ու Էրդողանի հեռախոսազրույցը նախանշեցին սպասվելիք իրադարձությունը։ Ավելին՝ նախագահ դառնալուց ի վեր Բայդենը չէր խոսել ու չէր հանդիպել Էրդողանին, և Հայոց ցեղասպանության տարելիցի նախաշեմին այդպիսի հեռախոսազանգը իսկապես պետք է կարևոր լիներ։ 
Այդուհանդերձ, պետք է հասկանալ, որ այնպիսի մասշտաբային ու պատմական իրադարձությունը, ինչպիսին ԱՄՆ նախագահի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումն է, չէր կարող ուղղակի մեկ օրվա կամ մի գիշերվա արդյունք լինել։ Այն բազմաթիվ բաղադրիչների ու շարժառիթների համադրման, աշխատանքի ու լոբբինգի արդյունք էր, որն էլ զուգահեռվեց ԱՄՆ-Թուրքիա և ԱՄՆ-Հայաստան նոր հարաբերությունների հեռանկարով։

Այսպես՝ երկարաժամկետ հեռանկարում, իհարկե, առաջնային կարևորություն ունի ԱՄՆ հայ համայնքի, հայ ժողովրդի ու հայկական դիվանագիտության երկարատև, նպատակասլաց, հետևողական և համառ աշխատանքը։ Աշխատանք, որ սկսվել էր դեռևս խորհրդային միության տարիներին համայնքի կողմից և ավելի ակտիվ շարունակվեց հետանկախական շրջանում՝ արդեն հայկական դիվանագիտական առաջնորդությամբ։
Միջնաժամկետ հեռանկարում, իհարկե, անկարելի է չընդունել, որ ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունների ներկայիս որակը և տևական լարված ու սառեցված հանգամանքներն են նաև նպաստել այս ճանաչմանը։ Թուրքական սանձարձակ վարքը տարածաշրջանում, կոնֆլիկտայնությունը ՆԱՏՕ-ում իրենց դաշնակիցների հետ, հարաբերությունները ու զենքի առևտուրը Ռուսաստանի հետ այն շերտերն էին, որոնք վաղ թե ուշ պետք է լցնեին ԱՄՆ համբերության բաժակը։
Կարճաժամկետ հեռանկարում գործոնները, որոնք նպաստեցին այս դարակազմիկ իրադարձությանը ու իրավաքաղաքական ճանաչմանը, դրանք մի կողմից 2018-ին հաջորդած ժողովրդավարացման գործընթացներն էին Հայաստանում և դրանց արձագանքն ու ուշադրությունը ԱՄՆ կողմից, իսկ մյուս կողմից 44-օրյա պատերազմն էր և Թուրքիայի բացահայտ ներգրավվածությունը՝ որպես պատերազմող կողմ ու ահաբեկչական միավորների հովանավոր։ Այս փաստը հատկապես կարևոր է, եթե հաշվի առնենք, որ ԱՄՆ համարվում է ժողովրդավարական արժեքների ու հակաահաբեկչական քաղաքականության երաշխավորն ու ջատագովը աշխարհում, ու Թուրքիայի այդպիսի պահվածքը իսկական ապտակ էր ԱՄՆ-ին։ Մանավանդ որ այդ շրջանում ԱՄՆ զբաղված էր նախագահական ընտրություններով ու իշխանության անցումով և բավարար ուշադրություն չէր կարողանում ընձեռել տարածաշրջանին։
Ի մի բերելով՝ ԱՄՆ-Թուրքիա լարված ու սրված հարաբերությունները, հայ համայնքի ու հայկական դիվանագիտության անդուլ ու հետևողական պատերազմը, հայկական պետության ժողովրդավարացումն ու 44-օրյա պատերազմի թուրքական ուղիղ ներգրավվածությունն էին, ըստ էության, այն գործոնները, որոնց համադրման արդյունքում նախագահ Բայդենը ճանաչեց ու արտասանեց «Հայոց ցեղասպանություն» եզրույթը՝ նոր իրավաքաղաքական հեռանկարներ ստեղծելով Հայաստանի ու տարածաշրջանի երկրների համար։