Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Թուրքիայի խորհրդարանը հայտարարություն կանի Բայդենի դիրքորոշման առթիվ․ Էրդողանի խոսնակ

Թուրքիայի խորհրդարանը հայտարարություն կանի Բայդենի դիրքորոշման առթիվ․ Էրդողանի խոսնակ
Միջազգային
17:38, 26 апрель 2021
«Reuters» լրատվական գործակալությունն անդրադարձել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի՝ Ցեղասպանությունը ճանաչող հայտարարությունից հետո Թուրքիայի հնարավոր արձագանքին ու քայլերին: Այս առնչությամբ գործակալությունը զրուցել է Թուրքիայի նախագահի Ռեջեփ Թայիփ  Էրդողանի մամուլի խոսնակ Իբրահիմ Քալընի հետ: Այս մասին գրում է ermenihaber-ը։

Քալընը նշել է, որ առաջիկա օրերին և ամիսներին տարբեր կերպ ու տարբեր մակարդակներում կարձագանքեն Բայդենի ուղերձին: Լրագրողի այն հարցին, թե արդյոք Թուրքիան կփակի Ինջիրլիքի ռազմաբազան ԱՄՆ-ի համար, Քալընը չի պատասխանել:

Նշենք, որ Թուրքիայում փորձագետներն իշխանություններին խորհուրդ են տվել Բայդենի հայտարարությանն ի պատասխան պատժամիջոցներ սահմանել ԱՄՆ-ի դեմ՝ այդ երկրում ամերիկյան ռազմաբազաները փակելու տեսքով:

Քալընը, հայտնելով, որ այսօր կայանալիք կառավարության նիստում նախագահ Էրդողանը խոսելու է թեմայի վերաբերյալ (Բայդենի հայտարարության), նշել է. «Երբ և որտեղ նպատակահարմար համարենք, կշարունակենք արձագանքել այս ցավալի և անարդար հայտարարությանը»:

Նա տեղեկացրել է նաև, որ այս շաբաթ Թուրքիայի խորհրդարանը (մեջլիս) հանդես կգա հայտարարությամբ։