Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Բրազիլիայում ցուցարարները ներխուժել են երկրի խորհրդարան. Նախագահ Լուլա դա Սիլվան հրամայել է գործի դնել դաշնային ուժերը

Բրազիլիայում ցուցարարները ներխուժել են երկրի խորհրդարան. Նախագահ Լուլա դա Սիլվան հրամայել է գործի դնել դաշնային ուժերը
Միջազգային
10:45, 09 январь 2023
Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիու Լուլա դա Սիլվան հրամայել է գործի դնել դաշնային ուժերը երկրի մայրաքաղաքում կարգուկանոնը վերականգնելու համար, որտեղ ցուցարարները ներխուժել են մի շարք կառավարական շենքեր։

«Գլոբու» հեռուստաալիքի հաղորդմամբ՝ դաշնային ուժերն օգտագործելու մասին հրամանը կգործի մինչև հունվարի 31-ը։

«Գործողության նպատակն է վերջ դնել մայրաքաղաքի դաշնային շրջանում հասարակական կարգի խախտմանը, որն ուղեկցվում է պետությանը պատկանող շենքերի զավթմամբ»,- հրամանագրից հատվածներ է մեջբերել նախագահը։

Բացի դրանից, պետության ղեկավարը խոստացել է խստագույնս պատժել անկարգությունների մասնակիցներին։ 

Նա նաև քննադատել է ոստիկանության գործողությունները՝ համարելով, որ խոսքը «կամ դրա ոչ կոմպետենտ լինելու, կամ չարամիտ դիտավորության մասին է»։

 Ավելի վաղ հաղորդվել է, որ Բրազիլիայի նախկին նախագահ Ժաիր Բոլսոնարուի հազարավոր կողմնակիցներ կիրակի օրը ներխուժել են խորհրդարան, գերագույն դատարան և պետության ղեկավարի նստավայր։

Զոհերի կամ լուրջ բախումների մասին տեղեկություններ չկան։ Նախագահն ինքը անկարգությունների ժամանակ մայրաքաղաքում չի եղել։

Բոլսոնարուի կողմնակիցները չեն ճանաչում նրա պարտությունը անցած տարվա ընտրություններում և պարբերաբար բողոքի ակցիաներ են անցկացնում՝ պահանջելով նախկին նախագահի վերադարձը իշխանության։

Ավելի վաղ՝ հունվարի սկզբին, Բրազիլիայում տեղի է ունեցել նոր նախագահ Լուիս Ինասիու Լուլա դա Սիլվայի երդմնակալության արարողությունը։ Բոլսոնարուն չի մասնակցել արարողությանը, քանի որ լքել էր երկիրը։