Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզը Ադրբեջանական ԽՍՀ մաս էր կազմում, և, անշուշտ, այս հանգամանքը շատ դժվար է անտեսել Բաքվի և Երևանի միջև խաղաղության գործընթացում․ Մարիա Զախարովա

Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզը Ադրբեջանական ԽՍՀ մաս էր կազմում, և, անշուշտ, այս հանգամանքը շատ դժվար է անտեսել Բաքվի և Երևանի միջև խաղաղության գործընթացում․ Մարիա Զախարովա
Միջազգային
13:02, 12 январь 2023
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան երեկ մամուլի ասուլիս է տվել և պատասխանել ԼՂ կարգավորման վերաբերյալ հայկական կողմի հայտարարությունների մասին ԶԼՄ-ների հարցին։

Հարցին, թե ինչպե՞ս կմեկնաբանի այս տարվա հունվարի 10-ի ասուլիսում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը՝ ռուսական առաջարկների հիման վրա արցախյան հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ փաստաթուղթ ստորագրելու հայկական կողմի պատրաստակամության մասին, Զախարովան պատասխանել է․ «Դժվար է գնահատական տալ հայկական կողմի դիրքորոշմանը, երբ նույն հարցի շուրջ պաշտոնական Երեւանի հայտարարությունները էապես տարբերվում են։ Նշված ասուլիսի ժամանակ Հայաստանի վարչապետը խոսել է ռուսական առաջարկների հիման վրա փաստաթուղթը ստորագրելու մտադրության մասին, միևնույն ժամանակ Արևմուտքի կողմից առաջ մղվող հակամարտության ինչ-որ «համապարփակ լուծման» նախապատվության մասին։ Ավելի վաղ Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Ս. Լավրովի մեկնաբանություններում մանրամասն ներկայացվել էր ռուսական ջանքերի տարեգրությունը, ինչպես երկկողմ ձևաչափերում, այնպես էլ ղարաբաղյան հիմնախնդրի լուծման միջազգային մեխանիզմների շրջանակներում, այդ թվում ՝ Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի առաջնորդների 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության և ուղեկցող եռակողմ պայմանավորվածությունների իրականացման ուղղությամբ» ։

Նա նաև նշել է, որ Բաքվի հետ խաղաղության պայմանագիր մշակելիս Երևանի համաձայնությունը՝ հենվել 1991թ. Ալմա-Աթայի հռչակագրի վրա, որն ամրագրված էր 2022թ. հոկտեմբերին Պրահայում կայացած գագաթաժողովի արդյունքներով արված հայտարարության մեջ, արմատապես փոխեց բանակցային գործընթացի տրամաբանությունը։ 

Զախարովայի խոսքով՝ Ալմա-Աթայի հռչակագրում հաստատվում է սահմանների անձեռնմխելիությունը, որոնք գոյություն ունեին Խորհրդային Միության հանրապետությունների միջև: 

Զախարովան նաև նշել է, որ այդ ժամանակ Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզը Ադրբեջանական ԽՍՀ մաս էր կազմում և անշուշտ, այս հանգամանքը շատ դժվար է անտեսել Բաքվի և Երևանի միջև խաղաղության գործընթացում։

«Կցանկանայի նաև հիշեցնել, որ 2022 թվականի դեկտեմբերի 23-ին Մոսկվայում նախատեսված էր Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը խաղաղության պայմանագրի շուրջ։ Դրան համաձայնություն են տվել երկու երկրների առաջնորդները։ Ամեն ինչ պատրաստվել էր դրա անցկացման համար։ Բայց հենց հայկական ղեկավարությունը վերջին պահին չեղյալ հայտարարեց Հայաստանի արտգործնախարար Ա. Միրզոյանի այցը։ Դա խանգարեց քննարկել ոչ միայն խաղաղության պայմանագիրը, այլև հայ-ադրբեջանական կարգավորման այլ հրատապ հարցեր, ներառյալ Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակը»,- ասել է Մարիա Զախարովան։

Ի հավելումն նա նշել է, որ եթե հայ գործընկերներն իսկապես շահագրգռված են նշված խնդիրները լուծել բարձր մակարդակով՝ եռակողմ պայմանավորվածությունների համալիր իրականացման հունով, ապա անհիմն դատողություններ անելու փոխարեն անհրաժեշտ է շարունակել համատեղ աշխատանքը, իսկ խաղաղության պայմանագրի շուրջ հայ-ադրբեջանական բանակցությունների համար հարթակ տրամադրելու ռուսական առաջարկը մնում է ուժի մեջ։