Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հաագայի հայկական կազմակերպությունը՝ Բայդենի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումից հետո, ակնկալում է Թուրքիայի դեմ հայցերի վերսկսում

Հաագայի հայկական կազմակերպությունը՝ Բայդենի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումից հետո, ակնկալում է Թուրքիայի դեմ հայցերի վերսկսում
Միջազգային
17:37, 28 апрель 2021
ԱՄՆ-ի դատարաններում ավելի վաղ կասեցված հայցերը՝ Թուրքիայի հանդեպ ամերիկյան իշխանությունների կողմից Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության փաստի ճանաչումից հետո, ինչպես սպասվում է, կվերսկսվեն, ՌԻԱ Նովոստիին հայտարարել է Նիդեռլանդներում «Աբովյան» հայկական մշակութային ասոցիացիայի ներկայացուցիչ Ինգե Դրոստը:

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը շաբաթ օրը պաշտոնապես ճանաչել է 20-րդ դարասկզբին Օսմանյան կայսրությունում հայերի զանգվածային սպանությունները: Դրան ի պատասխան Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ խորապես վշտացած է «պատմության վրա չհիմնավորված այդ անարդար խոսքերից»:

«Մինչ այժմ ԱՄՆ դատարանները հրաժարվում էին ընդունել հայերի բողոքները՝ նշելով, որ ամերիկյան վարչակազմը չի ճանաչում ցեղասպանության փաստը։ Այժմ իրավիճակը փոխվել է, և մենք ակնկալում ենք, որ այդ հայցերը կվերականգնվեն ԱՄՆ - ի տարածքում», - ասել է հայ ակտիվիստ կինը։

Նրա խոսքով՝ Հայոց ցեղասպանության ճանաչումը նոր հեռանկարներ է բացում պատմական արդարության հաստատման համար, այդ թվում՝ փոխհատուցման մասով։

«Մենք հուսով ենք, որ դա դրական ազդեցություն կունենա Հայաստանի եւ հայերի նկատմամբ Թուրքիայի վերաբերմունքի վրա։ Դրա հետեւանքով ապագայում հնարավոր կլինի երկու երկրների միջեւ հարաբերությունների կարգավորումը», - նշել է գործակալության զրուցակիցը:

Նա նաեւ հայտարարել է, որ Թուրքիայում նյարդայնացած են եւ հասկանում են ԱՄՆ գործադիր իշխանության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման կարեւորությունը: «Մյուս կողմից, Թուրքիան չի կարող վատացնել հարաբերությունները Վաշինգտոնի հետ' ԱՄՆ - ից եւ Եվրոպայից իր տնտեսական եւ ռազմական կախվածության պատճառով», - հավելել է ակտիվիստը: