Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ամենայն հայոց կաթողիկոսը մեկնել է Ամերիկայի Միացյալ Նահանգներ․

Ամենայն հայոց կաթողիկոսը մեկնել է Ամերիկայի Միացյալ Նահանգներ․
Միջազգային
17:05, 29 апрель 2021
Ապրիլի 29-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն հայոց կաթողիկոսը հայրապետական այցով մեկնել է Ամերիկայի Միացյալ Նահանգներ։ Այս մասին հայտնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից:

Նշվում է, որ ԱՄՆ Հայոց Արևելյան թեմում Վեհափառ Հայրապետը կհանդիպի թեմակալ առաջնորդի և թեմական խորհրդի հետ։ Նորին Սրբությունը հանդիպումներ կունենա նաև Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի բարերարների հետ՝ քննարկելու նրանց հոգածությամբ  իրականացվող ծրագրերը:

Նախատեսվում են այլ անձանց և կազմակերպությունների հետ հանդիպումներ, որոնց ընթացքում կարծարծվեն արցախյան երկրորդ պատերազմի պատճառած հետևանքների և առկա մարտահրավերների հետ առնչված հարցեր։

Այցի ընթացքում Վեհափառ Հայրապետի հետ լինելու են Արևմտյան Եվրոպայի Հայրապետական պատվիրակ Տ. Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը և Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի առաջնորդ Տ․ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը։

Ամենայն հայոց կաթողիկոսի հատուկ տնօրինությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հատուկ հանձնարարություններով Հայրապետական նվիրակ Տ. Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը մեկնել է ԱՄՆ Հայոց Արևմտյան թեմ։