Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Կոմունիկացիաների բացումը կարող է փոխել ողջ տնտեսական իրավիճակը մեր տարածաշրջանում. Փաշինյանը՝ Միշուստինին

Կոմունիկացիաների բացումը կարող է փոխել ողջ տնտեսական իրավիճակը մեր տարածաշրջանում. Փաշինյանը՝ Միշուստինին
Միջազգային
19:11, 29 апрель 2021
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինի հետ հանդիպմանը հատուկ ընդգծել է այն դերը, որ Ռուսաստանն ու Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Վլադիմիրի Պուտինն ունեցան Լեռնային Ղարաբաղում պատերազմը կանգնեցնելու հարցում։ Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, Նիկոլ Փաշինյանն արդյունավետ է գնահատել ռուս խաղաղապահների գործունեությունը Լեռնային Ղարաբաղում։ 

«Ցանկանում եմ նաև առանձնացնել եռակողմ աշխատանքային խմբի գործունեությունը, որը գլխավորում են Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետերը։ Մենք կառուցողական ենք տրամադրված այս հարցում: Պետք է նշեմ, որ մենք շատ բարձր ենք գնահատում եռակողմ աշխատանքային խմբի աշխատանքը, քանի որ տարածաշրջանային կոմունիկացիաների բացումը կարող է փոխել ողջ տնտեսական իրավիճակը մեր տարածաշրջանում և ամրապնդել տնտեսական կապերն ու ինտեգրումը Ռուսաստանի ու Հայաստանի միջև։ Այս կապակցությամբ ցանկանում եմ նշել այն կարևոր ու կառուցողական դերը, որն ունի Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։ Մենք իսկապես  բարձր ենք գնահատում այդ աշխատանքը, և հուսով եմ, որ այն կոնկրետ արդյունքների կբերի։

Բոլորին հասկանալի է, որ դա կարևոր է ոչ միայն մեր տարածաշրջանի, այլև մեր տարածաշրջանի համար առավել լայն իմաստով, քանի որ խոսք է գնում Պարսից ծոցի և Սև ծովի, Պարսից ծոցի և Ռուսաստանի Դաշնության միջև կապերի վերականգնման մասին։ Դա իսկապես կարող է դառնալ հզոր տնտեսական գործոն Եվրասիական տնտեսական միության զարգացման համար։ Եվս մեկ անգամ ցանկանում եմ հաստատել, որ մենք կառուցողական ենք տրամադրված և հուսով եմ, որ ներկայում ընթացող աշխատանքը կոնկրետ արդյունք կունենա, որոնք կայունություն, խաղաղություն ու բարեկեցություն կբերեն մեր ողջ տարածաշրջանի համար»,- ասել է վարչապետի պաշտոնակատարը։