Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Թուրքիան 5-6 ամսից կլքի ՆԱՏՕ-ն. թուրք քաղաքական գործիչ

Թուրքիան 5-6 ամսից կլքի ՆԱՏՕ-ն. թուրք քաղաքական գործիչ
Միջազգային
12:20, 25 январь 2023
Թուրքիան հինգ-վեց ամսից կարող է լքել ՆԱՏՕ-ն՝ Անկարայի դեմ սադրիչ գործողությունների պատճառով։ Այսպիսի կարծիք է հայտնել թուրքական «Հայրենիք» կուսակցության փոխնախագահ Էթհեմ Սանջաքը։

«Իրադարձությունները մեզ ստիպում են նման գործողություններ ձեռնարկել: ՆԱՏՕ-ն իր սադրանքներով մեզ ստիպում է այդպես վարվել:

Նրանք փորձում են մեզ հակադրել մեր հարևան Հունաստանին: Թուրքիան 5-6 ամսից կլքի ՆԱՏՕ-ն: Նրանք փորձում են մեզ ներքաշել դեպի Մերձավոր Արևելքի հորձանուտ: Ի վերջո, դուք տեսնում եք Ղուրանի դեմ ակցիաները Շվեդիայում և Նիդեռլանդներում», - նրա խոսքերը մեջբերում է Aydinlik-ը։

Սանջաքի խոսքով՝ վերջին հարցումները ցույց են տվել, որ Թուրքիայի բնակչության առնվազն 80%-ը վստահ է, որ «ԱՄՆ-ն ամենաթշնամական ու կործանարար քաղաքականություն վարող երկիրն է» հանրապետության նկատմամբ։ «Վերջին ժամանակներս թուրք ժողովուրդը սկսել է համակրել Ռուսաստանին և (Ռուսաստանի նախագահ Վլադիմիր) Պուտինին»,- հայտարարել է քաղաքական գործիչը։  

Սանջաքը վստահություն է հայտնել, որ Թուրքիայի և Սիրիայի ղեկավարությունը կնստի բանակցությունների սեղանի շուրջ, որպեսզի ստիպի ԱՄՆ-ին լքել սիրիական տարածքը: «Մենք կնստենք (Սիրիայի նախագահ Բաշար) Ասադի և հարևան երկրների առաջնորդների հետ և կստորագրենք խաղաղության համաձայնագիր։ Մենք պետք է անհապաղ Սիրիայից դուրս շպրտենք ահաբեկչական կազմակերպություններին և ԱՄՆ-ին։ Սիրիացիներն ու թուրքերը եղբայրական ժողովուրդներ են։ Սիրիացիները մեզ ամենամոտն են արաբական ժողովուրդներից: Մենք պետք է ապահովենք փախստականների անվտանգ վերադարձը իրենց երկրներ: Չեմ կարծում, որ Ասադը դեմ կլինի նրանց վերադարձին: Մենք կարող ենք միասին վերականգնել Սիրիան»,- հավելել է նա: