Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ԱՄՆ-ին շարունակում է մտահոգել Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակի վատթարացումը

ԱՄՆ-ին շարունակում է մտահոգել Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակի վատթարացումը
Միջազգային
11:19, 26 январь 2023
Միացյալ Նահանգները մտահոգված է Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակի վատթարացմամբ, երեկ ճեպազրույցի ընթացքում հայտարարել է ԱՄՆ Պետքարտուղարության խոսնակը։

Նեդ Փրայսը հիշեցրել է՝ Լաչինի միջանցքի թեմային պետքարտուղար Էնթոնի Բլինքենն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների հետ օրերս կայացած հեռախոսազրույցների ընթացքում։

«Մենք նշել ենք, որ Լաչինի միջանցքի երկայնքով սովորական առևտրային և մասնավոր ճանապարհորդությունների շարունակվող խոչընդոտումը հանգեցնում է սննդի, վառելիքի և դեղորայքի պակասի բազմաթիվ բնակիչների համար, ովքեր այս միջանցքից կախված են այդ հիմնական պաշարների համար», - ասել է Փրայսը։

Ամերիկյան արտաքին քաղաքական գերատեսչության խոսնակը հայտարարել է նաև, որ բնական գազի և հոսանքի մատակարարումների պարբերական խափանումներն ավելի են սրում հումանիտար իրավիճակը:

«Մենք կոչ ենք արել լիովին վերականգնել միջանցքով ազատ տեղաշարժը՝ ներառյալ առևտրային և մասնավոր ճանապարհորդությունները։ Մենք պետք է լուծում գտնենք այս փակուղուց, որը կապահովի այս տարածքում ապրող բնակչության անվտանգությունն ու բարեկեցությունը։ Կարծում ենք, որ առաջընթացի ճանապարհը բանակցությունների միջոցով է: Մենք հավատարիմ ենք մնում կայուն խաղաղությանն աջակցելուն: Մենք թե՛ խոսքով, թե՛ գործով ցույց ենք տվել կողմերի հետ գործակցելու մեր պատրաստակամությունը՝ լինի երկկողմ, բազմակողմ՝ ԵԱՀԿ-ի միջոցով, թե եռակողմ՝ հայ և ադրբեջանցի գործընկերների հետ սեղանի շուրջ», - ասել է Պետդեպարտամենտի խոսնակը։