Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Իրանի պաշտպանության նախարարությունը հաստատել է Սպահանում գտնվող իր օբյեկտներից մեկի վրա հարձակումը հարվածային անօդաչու թռչող սարքերի միջոցով․ AlArabia

Իրանի պաշտպանության նախարարությունը հաստատել է Սպահանում գտնվող իր օբյեկտներից մեկի վրա հարձակումը հարվածային անօդաչու թռչող սարքերի միջոցով․ AlArabia
Միջազգային
10:49, 29 январь 2023
Շաբաթ` հունվարի 28-ի ուշ երեկոյան հարվածային անօդաչու թռչող սարքի հարձակման թիրախ է դարձել Իրանի պաշտպանության նախարարության ռազմական օբյեկտը Սպահան քաղաքում։ Այս մասին հայտնել է Իրանի ՊՆ-ն։
 
Հայտարարության մեջ կատարվածը ներկայացվել է որպես «անհաջող հարձակում», և պատասխանատվություն չի վերագրվել որևէ կոնկրետ երկրի կամ խմբի:
 
«Հունվարի 28-ի երեկոյան՝ ժամը 23:30-ի սահմաններում, անօդաչու սարքերի միջոցով անհաջող հարձակում է իրականացվել ՊՆ արտադրամասերից մեկի վրա։ Բարեբախտաբար անօդաչուներից 1-ը խոցվել է ՀՕՊ-ի կողմից, իսկ մյուս 2-ը հայտնվել են պաշտպանական թակարդում ու պայթել»,- ասված է հաղորդագրությունում։ «Բարեբախտաբար, այս անհաջող հարձակումը ոչ մի մարդկային կորուստ չի պատճառել և փոքր վնաս է հասցրել արտադրամասի տանիքին»,- նշել է Իրանի ՊՆ-ն։

Սակայն, ըստ ԱլԱրաբիայի՝ Իրանի տարածքում օդային հարվածներ են հասցվել մի քանի քաղաքների՝ Թավրիզ, Իսֆահան, Մալլարդ քաղաքներում տեղակայված ռազմական ԱԹՍ-ների և դրանց սպառազինության գործարաններին։ 

Արաբական և իսրայելական լրատվամիջոցները հաղորդում են, որ իսրայելի ռազմական ինքնաթիռները թիրախավորել են սիրիական Հոմս քաղաքի Թիֆուր ավիաբազայում Իրանին պատկանող դիրքերն ու զենքի պահեստները։

Նշենք, որ Իսրայելի նախագահ Իսահակ Հերցոգը հունվարի 26-ին հորդորել է ՆԱՏՕ-ի ռազմական դաշինքին խստացնել իր մոտեցումը Իրանի նկատմամբ, քանի որ Թեհրանը Ռուսաստանին անօդաչու սարքեր է մատակարարում Ուկրաինայի դեմ պատերազմի համար:
 
«Այնտեղ ճգնաժամը դուրս է գալիս Ուկրաինայի սահմաններից, իսկ իրանական սպառնալիքն այժմ Եվրոպայի դռների մոտ է», - ասել է Հերցոգը Բրյուսելում ՆԱՏՕ-ի կենտրոնակայան այցելության ժամանակ `հավելելով․ «Հեռավորության պատրանքն այլևս չի կարող պահել: ՆԱՏՕ-ն պետք է հնարավորինս խիստ դիրքորոշում ցուցաբերի իրանական ռեժիմի դեմ, այդ թվում՝ տնտեսական, իրավական և քաղաքական պատժամիջոցների և վստահելի ռազմական զսպման միջոցով»: