Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Մենք հրաժարվեցինք ԱՄՆ-ի հետ աշխատել ռազմատեխնիկայի ոլորտում, և դա բերեց նրան, որ ԱՄՆ-ն շարունակում է աշխատել Ադրբեջանի հետ. Ստեփան Գրիգորյան

Մենք հրաժարվեցինք ԱՄՆ-ի հետ աշխատել ռազմատեխնիկայի ոլորտում, և դա բերեց նրան, որ ԱՄՆ-ն շարունակում է աշխատել Ադրբեջանի հետ. Ստեփան Գրիգորյան
Միջազգային
16:10, 01 май 2021
ԱՄՆ-ն կշարունակի ռազմական ոլորտում աջակցել Ադրբեջանին: «Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենի վարչակազմը երկարացրել է «Ազատության աջակցության ակտի» 907-րդ ուղղման կասեցումը, ինչը նշանակում է, որ թույլատրվելու է ԱՄՆ ուղիղ օգնությունն Ադրբեջանին»,- այս տեղեկությունը փոխանցել է Արմենպրեսը:

Նշենք, որ ԱՄՆ ներկայիս նախագահ Բայդենը դեռևս Թրամփի նախագահության տարիներին` նրան կոչ էր անում կիրառել Ադրբեջանի դեմ Կոնգրեսի պատժամիջոցները և չաջակցել ռազմական ոլորտում, սակայն այսօր ինքն է երկարացրել «Ազատության աջակցության ակտի» կասեցումը: 

Ինչո՞վ է պայմանավորված Բայդենի այս քաղաքականությունը: Civic.am-ի հետ զրույցում քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը նախ նշեց, որ 907-րդ բանաձևի գաղափարախոսությունը կայանում է նրանում, որ ԱՄՆ-ն միայն մեզ է աջակցում, իսկ Ադրբեջանին` ոչ, այնուհետև հավելեց, որ ԱՄՆ-ն` Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ կիրառեց, քանի որ վերջինս պատերազմ էր մղում իր երկրում ժողովրդավարական համակարգի դեմ, մինչդեռ մեզ մոտ ժողովրդավարություն է. «Միացյալ Նահանգների ադմինիստրացիան պլանավորում էր նաև ֆինանսական աջակցություն տալ Հայաստանին` ռազմական ոլորտում, բայց Հայաստանը խուսափեց այդ աջակցությունից: Մենք հրաժարվեցինք ռազմատեխնիկական ոլորտում ԱՄՆ-ի հետ աշխատել և դա բերեց նրան, որ նրանք շարունակում են աշխատել Ադրբեջանի և Վրաստանի հետ ռազմատեխնիկական ոլորտում: ԱՄՆ-ի առաջարկը աջակցել մեզ` օրինակ, բարելավվել բանակը` մենք մերժեցինք , մենք մերժեցինք նաև ՆԱՏՕ-ի զորավարժություններին մասնակցելը: Եթե մենք ուզենայինք համագործակցել, ակնհայտ կարող եմ ասել, որ ԱՄՆ-ն Ադրբեջանի դեմ ընդունած 907-րդ բանաձևը կա՛մ կվերանայեր, կա՛մ կվերաթարմացներ, բայց Ադրբեջանին չէր տա աջակցություն»: 

Քաղաքագետը հիշատակեց, որ ԱՄՆ նախորդ նախագահ Դոնալդ Թրամփի օրոք Ադրբեջանին հարյուր միլիոն դոլարի ռազմական օգնություն է տրվել, իսկ հիմա Բայդենի օրոք շանս կա դա վերանայելու, սակայն այն պայմանով, որ Հայաստանը պետք է այդ խաղի մեջ մտնի. «ԱՄՆ-ի առաջարկած ռազմական օգնությունը  մերժելը` դա նոր պատմություն է: ԱՄՆ-ն մեր ռեգիոնում պետք է աշխատի: Եթե մենք պատրաստ լինեինք համագործակցել Միացյալ Նահանգների հետ ռազմական ոլորտում ապա, Ադրբեջանին այդ օգնությունը չէր տրամադրվի»: 

Մեր դիտարկմանը ԱՄՆ-ի հետ համաձայնության դեպքում մենք ՌԴ-ի հետ որպես ռազմավարական գործընկեր խնդիրներ չե՞նք ունենա` հաշվի առնելով ԱՄՆ-Ռուսաստան շարունակվող լարված քաղաքականությունը` Ստեփան Գրիգորյանն արձագանքեց. «Ռուսաստանը հիմա հետևողական ձևով օտարում է մեզնից Ղարաբաղը , հիմա չդիմադրե՞նք, չփորձե՞նք համոզել ՌԴ-ին, որ դա սխալ քաղաքականություն է:

Եթե վախենանք, չենք կարող պահել անկախ պետականություն և չենք կարող մեր շահերն առաջ տանել»:

Նշենք, որ չնայած Կոնգրեսի կողմից Ադրբեջանի դեմ ընդունած պատժամիջոցներին և «Ազատության աջակցության ակտի» 907-րդ բանաձևին` ԱՄՆ նախագահն ունի իրավունք աջակցություն տրամադրել Ադրբեջանին` երկարաձգելով այդ բանաձևի կասեցման ժամանակահատվածը, որն էլ իրականացվում է սկսած 2001թ.-ից: 

Նարա Մարտիրոսյան