Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Լաչինի միջանցքի փակումը էթնիկ հայերի զտման երկարատև քաղաքականություն է. Լինոս Ալեքսանդր Սիցիլիանոս

ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանում այսօր՝ հունվարի 30-ին, մեկնարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև դատավարական լսումները։ 

Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով լսումների ժամանակ պրոֆեսոր Լինոս Ալեքսանդր Սիցիլիանոսն ընդգծեց, որ Ադրբեջանը, փակելով Լաչինի միջանցքը, թիրախավորում է էթնիկ հայերին՝ հենց այն բանի համար, որ նրանք հայ են. «Անհերքելի է, որ Լաչինի միջանցքից օգտվողները ծագումով հայերն են, և անհերքելի է, որ բլոկադայի հետևանքները, դրան առնչվող միջոցառումները բացառապես էթնիկ հայերի գլխին են բարդվում։ Այսինքն՝ շրջափակումը և դրան առնչվող միջոցառումները աներկբայորեն խտրական ակտեր են ազգային ծագման բերումով»։ 

Պրոֆեսորի խոսքով՝ անհապաղ պետք է վարել քաղաքականություն՝ վերացնելու ռասայական խտրականությունն իր բոլոր դրսևորումներով՝ ջատագովելով բոլոր եվրասիական ազգերի միջև փոխըմբռնում։  

«Այս շրջափակումը պետք է դիտվի Ադրբեջանի այն վարքագծի ֆոնին, երբ նա մեկնարկեց 44-օրյա պատերազմը, որը միտված էր հայերին ստիպել հեռանալ ԼՂ-ից։ Ռասայական կարծրատիպերի տարածումը հստակ նպատակ է հետապնդում էթնիկ զտման ենթարկել բոլոր էթնիկ հայերին ԼՂ-ի տարածքից, ոչ մի էթնիկ հայ չպետք է մնա Ադրբեջանի կողմից գրավված տարածքներում»,- Ադրբեջանի վարած քաղաքականությունը մեկնաբանեց պրոֆեսորը։  

Նա մեջբերեց Ադրբեջանի նախագահի խոսքերը՝ ուղղված ԼՂ-ի այն տարածքներում ապրող հայերին, որոնք 90-ականների պատերազմի ժամանակ գտնվել են հայերի տիրապետության տակ. «Ե՞րբ եք դուք այստեղ եկել՝ 1994թ.-ին, իսկ մինչ այդ ադրբեջանցիներն են ապրել, այնպես որ՝ հեռացեք»:

«Շրջափակումը համընկնում է այս սպառնալիքին, այն այնպիսի անտանելի պայմաններ է ստեղծում, որպեսզի նրանք ստիպված լքեն այս տարածքը։ Շրջափակումը հստակ ընդհանուր նպատակ է հետապնդում՝ դա էթնիկ զտման երկարատև քաղաքականություն է»,- պարզաբանեց պրոֆեսորը։

Նշենք, որ պրոֆեսոր Լինոս Ալեքսանդր Սիցիլիանոսը 2011թ.-ից ՄԻԵԴ-ում որպես դատավոր է աշխատում, իսկ 2019-2020թթ. եղել է ՄԻԵԴ-ի նախագահը։