Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ցուցարարները իսկապես վերահսկում են ԼՂ-ում ապրող մարդկանց կյանքը և մահը. ՄԱԿ Արդարադատության դատարանում ՀՀ ներկայացուցիչ Կոնստանտինոս Սալոնիդիս

ՄԱԿ Արդարադատության միջազգային դատարանում քննվում է Հայաստանի Հանրապետության հայցն ընդդեմ Ադրբեջանի։ Հայաստանը խտրականության բոլոր ձևերի վերացման դրույթներին համապատասխան հայց է ներկայացրել դատարան։   

Հայաստանի ներկայացուցիչներից Կոնստանտինուս Սալոնիդիսը նախ նշեց, որ դատական վարույթում քննվող իրավունքների ոտնահարումը եթե կարող է անուղղելի հետևանքներ առաջացնել, դատարանը իրավունք ունի միջանկյալ միջոցներ կիրառելու։

Սալոնիդիսը մի շարք օրինակներ բերեց, երբ դատարանը հենց այդպես էլ վարվել է, օրինակ՝ Կատարն ընդդեմ Արաբական Միացյալ Էմիրությունների։ «Սույն միջնորդությամբ պահանջելով կիրառել միջանկյալ միջոց՝ Հայաստանը ձգտում է պաշտպանել էթնիկ հայերի իրավունքները։ Դատարանը հիմքեր չունի վերանայելու իր ձևավորած նախադեպային պրակտիկան։ Հաջորդ հիմնավորումը, թե ինչու պետք է միջանկյալ միջոց կիրառվի, հրատապության գործոնն է։ Դատարանը հստակորեն հայտնել է, որ միջանկյալ միջոցներ կիրառում է այն դեպքում, երբ «կա հրատապություն՝ այն իմաստով, որ կա իրական և վրահաս բացասական հետևանքների առաջացման ռիսկ, որը կարող է վնաս պատճառել նախքան դատարանի կողմից վերջնական որոշման կայացումը», ինչը  այս շրջափակմամբ տեղի է ունեցել»,- ասաց Կոնստանտինուս Սալոնիդիսը։

Վերջինս մանրամասն ներկայացրեց այս 50 օրերի քրոնիկոնը՝ նշելով սննդի, դեղորայքի, ջեռուցման և կապի պակասի, ընդհատումների մասին։ 

«Փոքրաթիվ մարդիկ կարողացել են անցնել միջանցքով միայն խաղաղապահների և ԿԽՄԿ-ի ուղեկցությամբ։ Ցուցարարները իսկապես վերահսկում են այս անձանց կյանքը և մահը։ Քիմիաթերապիա հնարավոր չէ ստանալ։ Այսինքն՝ քաղցկեղից վերականգնվելու, բուժվելու շանսերը կամաց-կամաց զրոյանում են, հարյուրավոր պլանային վիրահատություններ կասեցված են, դեղորայքի քանակը շատ փոքր է և այլն։ Տիկին նախագահ, դատարանի պատվարժան անդամներ, ցանկացած պնդում, թե այս իրավիճակը կարող է լուծվել այն չնչին մատակարարումներով, որոնք թույլ են տալիս տեղ հասցնել, ցինիզմի դրսևորումներ են։ Կամ՝ ցինիզմ է նաև ցանկացած պնդում, թե 120 հազար մարդկանց հրատապ և ընթացիկ բուժօգնության համար ամեն անգամ պետք է բանակցել  ԿԽՄԿ-ի հետ՝ տեղափոխման հարցով։

Կարծես պատերազմական իրավիճակ լինի։ Արգելափակումը պետք է ամբողջովին վերացվի։ Սա միայն Հայաստանի եզրակացությունը չէ, սա նաև միջազգային հանրության եզրակացությունն է։ Բազմաթիվ կոչեր են արվել Ադրբեջանին հրատապ կերպով դադարեցնելու շրջափակումը, քանի որ մարդասիրական աղետի ռիսկը օրեցօր ահագնանում է։ Ադրբեջանը չկատարեց ՄԻԵԴ-ի կարգադրած միջանկյալ միջոցը, որից հետո Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի նախագահը նույնպես կոչ արեց քայլեր ձեռնարկել վտանգավոր մարդասիրական իրավիճակը հաղթահարելու համար։ Այս կոչերը մնացին օդում։ Ալիևը բացահայտ պարծենում է, թե ինչպես իրեն հնարավոր չէ կանգնեցնել, որ դա չի կարող անել միջազգային հանրությունը, անգամ ասում է, որ  Ստրասբուրգի դատարանի պարտադիր ուժ ունեցող որոշումը չի կարող կանգնեցնել։ Տիկին նախագահ, դատարանի պատվարժան դատավորներ, իրավիճակը աստիճանաբար վատթարանում է, և առաջանում է անհապաղ ռիսկ և անուղղելի վնաս՝ իրական ժամանակի ռեժիմով։ 50 օր է, ինչ մարդասիրական ճգնաժամը շարունակվում է, մտավախություն ունեմ, որ դա շարունակվելու է, եթե դատարանը հրատապորեն չմիջամտի»,- ասաց Կոնստանտինուս Սալոնիդիսը։