Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ադրբեջանի իրավախորհրդատուները ՄԱԿ-ի արդարադատության դատարանում պնդել են, թե պետությունը չի ղեկավարում «էկոակտիվիստների» ցույցը

Ադրբեջանի իրավախորհրդատուները ՄԱԿ-ի արդարադատության դատարանում պնդել են, թե պետությունը չի ղեկավարում «էկոակտիվիստների» ցույցը
Միջազգային
22:51, 30 январь 2023
Ադրբեջանի ներկայացուցիչ էլնուր Մամեդովը չի ընդունել Հայաստանի մեղադրանքները՝ դրանք անհիմն համարելով: Ադրբեջանը պնդել է, թե իրենք չեն առաջացրել միջանցքով երթևեկության խոչընդոտ: Ադրբեջանի ներկայացուցիչը` որպես արդարացում, նշել է, թե Հայաստանում էլ 4 հազարից ավելի հկ-ներ կան ու որոշները պետական ֆինանսավորում ունեն, իսկ իրենց, այսպես կոչված ակտիվիստները, անկախ են, զինվորականներ չեն, պարզապես ժամանակին ծառայել են բանակում: Ներկայացուցիչը, սակայն, չի հերքել փաստը, որ բոլոր ակտիվիստները գրանցվում են պետական ապարատում՝ իբր նրանց անվտանգությունն ապահովելու նպատակով: Ադրբեջանի ներկայացուցիչը նշել է, թե իրենց կառավարությունը սատարում է բողոքի մասնակիցների գաղափարներին, բայց չի կազմակերպում այդ բողոքը:

Էլնուր Մամեդովը նաև նշել է՝ ինչո՞ւ է Հայաստանը հիմա ընդդեմ Ադրբեջանի հայց ներկայացրել, եթե հայտարարում է, թե, նրա ձևակերպմամբ, Ղարաբաղի ինքնահռչակ պաշտոնյաները պետք է բանակցեն Ադրբեջանի հետ:

Մամեդովն այնուհետև հայտարարել է՝ երբ Երևանը որոշի, որ սա իր խնդիրն է, Բաքուն պատրաստ է նստել բանակցությունների սեղանի շուրջ: Այս հայտարարությամբ, Ադրբեջանը, ըստ էության, վերահաստատել է Հայաստանի պնդումները, որ Լաչինը փակվել է բանակցություններում հայկական կողմի վրա ճնշում գործադրելու համար:

Իրար հետևից նաև Ադրբեջանի իրավախորհրդատուներն են պնդել, թե պետությունը չի ղեկավարում ցույցը և փորձել են սևացնել ռուս խաղաղապահներին` նշելով` նրանց պարտավորությունն է վերահսկողություն սահմանել միջանցքի վրա, հետևաբար խաղաղապահներն են խոչընդոտում միջանցքով ելումուտը, և ոչ՝ բողոքի մասնակիցները:

Ադրբեջանի իրավախորհրդատուներից մեկը մեջբերել է եռակողմ հայտարարությունը` նշելով, թե Ադրբեջանը պետք է ապահովի Լաչինով երթևեկության անվտանգությունը, ոչ թե այդ երթևեկության անընդհատությունը: Այսպիսով Ադրբեջանը խնդրել է դատարանին մերժել Հայաստանի հայցը:

Այսօրվա նիստն ավարտվել է, դատարանը տեղեկացրել է, որ հնարավորին սեղմ ժամկետում կկայացնի հայցի վերաբերյալ որոշում:

1lurer.am