Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Պեկինը հետագա քայլերի իրավունք է իրեն վերապահում. Չինաստանի ԱԳՆ-ն՝ ԱՄՆ-ի կողմից չինական օդապարիկի ոչնչացման մասին

Պեկինը հետագա քայլերի իրավունք է իրեն վերապահում. Չինաստանի ԱԳՆ-ն՝ ԱՄՆ-ի կողմից չինական օդապարիկի ոչնչացման մասին
Միջազգային
12:01, 06 февраль 2023
ԱՄՆ զինվորականների կողմից չինական օդապարիկի ոչնչացումը բացասաբար է ազդել երկու երկրների հարաբերությունների վրա, հայտարարել է Չինաստանի ԱԳ նախարարի տեղակալ Սե Ֆենը։

«Միացյալ Նահանգների գործողությունները լուրջ ազդեցություն են ունեցել և վնասել են երկու կողմերի ջանքերը չին-ամերիկյան հարաբերությունների կայունացմանն ուղղված գործընթացում Բալիում (երկու երկրների առաջնորդների) հանդիպումից հետո»,- դիվանագետի խոսքերը մեջբերում է Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը։
 
Պեկինն իր վճռական բողոքն է հայտնել և Վաշինգտոնին կոչ է արել չձեռնարկել Չինաստանի շահերը վնասող հետագա գործողություններ և չսրել լարվածությունը, ավելացրել է Սե Ֆենը։
 
Նա ընդգծել է, որ Չինաստանի իշխանությունները ուշադիր հետևում են իրավիճակի զարգացմանը և վճռականորեն կպաշտպանեն իրենց շահերը։ Պեկինն իրեն իրավունք է վերապահում հետագա քայլեր ձեռնարկել։