Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ցանկալի կլիներ տեսնել Իրանի ազդեցությունն Ադրբեջանի նկատմամբ հայ գերիների ազատման հարցում. ՀՀ դեսպան

Ցանկալի կլիներ տեսնել Իրանի ազդեցությունն Ադրբեջանի նկատմամբ հայ գերիների ազատման հարցում. ՀՀ դեսպան
Միջազգային
11:46, 03 май 2021
Թուրքիայի անմիջական և լայնածավալ ներգրավումն Արցախի դեմ պատերազմական գործողություններին նպատակաուղղված էր տարածաշրջանում նրա ծավալապաշտական քաղաքականության իրականացմանը: Այս մասին նշել է ԻԻՀ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արտաշես Թումանյանը «ISNA» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում: 

«Այս ամենից հետո մի բան միանշանակ է՝ ուժի կիրառմամբ հակամարտությունները «լուծելու» փորձը պետք է լուրջ ահազանգ լինի միջազգային հանրության և նախ և առաջ տարածաշրջանի երկրների համար»,-նշել է դեսպանն՝ ավելացնելով, որ զինադադարով կասեցվեց Թուրքիայի աջակցությամբ, այդ թվում վարձկան ահաբեկիչների ներգրավմամբ, Ադրբեջանի կողմից իրականացված ռազմական ագրեսիան, որը Հայաստանին և հայ ժողովրդին պատճառեց մեծագույն կորուստներ, ունեցանք հազարավոր նահատակներ։ 

Խոսելով ճգնաժամի հաղթահարումից՝ դեսպանն ընդգծել է, որ ըստ հայկական կողմի,հակամարտության վերջնական և համապարփակ լուծման համար միջազգային մանդատ ունեն բացառապես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրները,որոնք բանակցային գործընթացի շրջանակներում հանդես են եկել հակամարտության կարգավորման սկզբունքների վերաբերյալ առաջարկությամբ: Ինչ  վերաբերում է տարածաշրջանային երկրների դերակատարությանը, ապա, Արտաշես Թումանյանի խոսքով նրանք իրենց հավասարակշռված դիրքորոշմամբ կարող են ձևավորել հակամարտության կարգավորմանն ուղղված բարենպաստմիջավայր:

Արդյո՞ք Իրանը, որպես տարածաշրջանային կարևոր երկիր, կարող է հակամարտության կարգավորման հարցում ունենալ դրական դերակատարում։ Հարցին ի պատասխան դեսպանը նշել է, որ Հայաստան-Իրան սահմանը մշտապես եղել է խաղաղության և համագործակցության «կամուրջ», որի հանդեպ որևէ ոտնձգություն հակասում է երկու երկրների ազգային անվտանգությանը:

«Կուզենայի հատուկ ընդգծել Իրանի կարևոր դերակատարությունը պատերազմի օրերին և դրան հաջորդած ժամանակաշրջանում՝ տարածաշրջանային խաղաղությանն ու կայունությանն ապառնացող երևույթների դեմ ցուցաբերած սկզբունքային դիրքորոշման առումով։

Դա վերաբերում է երկու երկրների ընդհանուր սահմանի և ինքնիշխանության անձեռնմխելիության ուղղությամբ իրականացված քայլերին (նախազգուշական հայտարարություններ, իրանական զինուժի տեղակայում սահմանի երկայնքով):

Հայաստան-Իրան սահմանը մշտապես եղել է խաղաղության և համագործակցության «կամուրջ», որի հանդեպ որևէ ոտնձգություն հակասում է մեր երկու երկրների ազգային անվտանգությանը: Վերջին պատերազմից հետո, առավել քան երբևէ, ձևավորվել է ընդհանուր սպառնալիքների և շահերի գիտակցում Երևանում և Թեհրանում: Ուստի անհրաժեշտ է համապարփակ ռազմավարական երկխոսություն, որի օրակարգում ներառված կլինեն ինչպես երկկողմ փոխշահավետ համագործակցության հիմնախնդիրների ողջ համալիրը, այնպես էլ  տարածաշրջանային անվտանգության և կայունության հարցերի լայն շրջանակը»,-նշել է դեսպանը:  
 
Արտաշես Թումանյանի խոսքով, հենց այսօր էլ չափազանց օգտակար կլիներ Իրանի ակտիվ մասնակցությունը բազմաթիվ բարդ և  խնդրահարույց հարցերի կարգավորման գործում: Մասնավորապես, ցանկալի կլիներ տեսնել Իրանի գործուն ազդեցությունն Ադրբեջանի  իշխանությունների նկատմամբ հայ ռազմագերիների ազատման հարցում: Ըստ դեսպանի՝ միաժամանակ կարևոր է ներկա պայմաններում  մեծապես ակտիվացնել Հայաստան-Իրան հարաբերությունների բոլոր բաղադրչները ,որոնք ապահովում են երկու երկրների անվտանգությունը և տնտեսական զարգացումը: Հատկապես անհրաժեշտ է «ամրապնդել» Հյուսիս- հաևավ տրանսպորտային և էներգետիկ առանցքը, խորացնել գազի և էլեկտրաէներգիայի ոլորտներում համագործակցությունը, շեշտակիորեն խթանել առևտրաշրջանառության աճը և ներդրումային համատեղ ծրագրերի իրականացումը: