Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Լաչինի միջանցքի շրջափակումը պետք է անհապաղ վերացնել. Amnesty international

Լաչինի միջանցքի շրջափակումը պետք է անհապաղ վերացնել. Amnesty international
Միջազգային
10:50, 10 февраль 2023
Լաչինի միջանցքի շրջափակումը վտանգում է հազարավոր կյանքեր, շրջափակումը պետք է անհապաղ վերացնել, հայտարարել է Amnesty international միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը։

Ծավալուն հայտարարությունում հեղինակավոր կառույցը փաստում է, որ Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհի շրջափակումը լուրջ հարված է Լեռնային Ղարաբաղում առողջապահության հասանելիությանը, սննդի և վառելիքի պակասը խորացնում է շրջափակման հետևանքները։ Իրավապաշտպանները պնդում են, որ Ադրբեջանը չի իրականացնում իր պարտավորությունները մարդու իրավունքների ոլորտում՝ որևէ քայլ չձեռնարկելով շրջափակումը վերացնելու ուղղությամբ։

Amnesty International-ը Ալիևի վարչակազմին, ինչպես նաև ռուս խաղաղապահներին կոչ է արել անհապաղ ապաշրջափակել երթուղին և վերջ տալ խորացող հումանիտար ճգնաժամին։

«Լեռնային Ղարաբաղը Հայաստանին կապող ճանապարհը 2022 թվականի դեկտեմբերի 12-ից անհասանելի է բոլոր քաղաքացիական և առևտրային երթևեկության համար տասնյակ ադրբեջանցի ցուցարարների կողմից փակվելուց հետո, որոնց, ենթադրվում է, լայնորեն աջակցում են երկրի իշխանությունները: Իրավիճակը Լեռնային Ղարաբաղի մոտ 120,000 էթնիկ հայ բնակիչների թողել է առանց առաջին անհրաժեշտության ապրանքների և ծառայությունների, այդ թվում՝ կյանք փրկող դեղամիջոցների և առողջապահական օգնության»,- Արցախի բուժաշխատողների և բնակիչների հետ հարցազրույցները վկայակոչելով հայտարարել է կազմակերպությունը՝ շեշտելով, որ շրջափակման հետևանքով հատկապես տուժում են ռիսկային խմբերը, այդ թվում՝ կանայք, տարեցները և հաշմանդամություն ունեցող մարդիկ։

Աղբյուր՝ azatutyun.am