Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ՄԱԿ ԳԱ-ն բանաձև է ընդունել՝ Ռուսաստանից պահանջելով դուրս բերել իր զինված ուժերը Ուկրաինայից. ՀՀ-ն ձեռնպահ է քվեարկել

ՄԱԿ ԳԱ-ն բանաձև է ընդունել՝ Ռուսաստանից պահանջելով դուրս բերել իր զինված ուժերը Ուկրաինայից. ՀՀ-ն ձեռնպահ է քվեարկել
Միջազգային
11:13, 24 февраль 2023
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան ընդունել է արևմտյան երկրների կողմից պատրաստված հակառուսական բանաձև՝ «Ուկրաինայում համապարփակ, արդար և կայուն խաղաղության հիմքում ընկած սկզբունքների մասին», հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Բանաձևին կողմ է քվեարկել 141 պետություն, 7-ը դեմ է եղել, իսկ 32-ը՝ ձեռնպահ։

Դեմ են քվեարկել Ռուսաստանը, Բելառուսը, Հյուսիսային Կորեան, Էրիթրեան, Մալին, Նիկարագուան և Սիրիան։ Ձեռնպահ քվեարկողների թվում են Հայաստանը, Չինաստանը, Հնդկաստանը, Կուբան, Իրանը, Ղազախստանը, ՀԱՀ-ը, Եթովպիան, Վիետնամը, Ուզբեկստանը, Ղրղզստանը, Պակիստանը և մի շարք այլ երկրներ։

Բանաձևի համաձայն՝ «Գլխավոր ասամբլեան ընդգծում է համապարփակ, արդար և կայուն խաղաղության շուտափույթ ձեռք բերման անհրաժեշտությունը՝ ՄԱԿ-ի կանոնադրության սկզբունքներին համապատասխան»։

Բանաձևի հեղինակները կողմնակից են «արդար աշխարհի» ուկրաինական տեսակետին։ Ինչպես նշվում է փաստաթղթում, Գլխավոր ասամբլեան հանդես է գալիս Ուկրաինայի միասնության և տարածքային ամբողջականության օգտին՝ նրա միջազգայնորեն ճանաչված սահմաններում։ Բանաձևը Ռուսաստանից պահանջում է անհապաղ դուրս բերել իր ողջ զինուժը Ուկրաինայի տարածքից։