Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ԵՄ-ն անհանգստացած է Լաչինի միջանցքում պահպանվող խոչընդոտներով և Բաքվին կոչ է անում ապահովել տեղաշարժի ազատությունը

ԵՄ-ն անհանգստացած է Լաչինի միջանցքում պահպանվող խոչընդոտներով և Բաքվին կոչ է անում ապահովել տեղաշարժի ազատությունը
Միջազգային
13:37, 24 февраль 2023
Եվրամիությունն ի գիտություն է ընդունում Արդարադատության միջազգային դատարանի պարտադիր իրավական ուժ ունեցող որոշումը, որով Ադրբեջանը պարտավորվում է միջոցներ ձեռնարկել՝ ապահովելու համար Լաչինի միջանցքով մարդկանց, տրանսպորտային միջոցների և բեռների անխոչընդոտ տեղաշարժը երկու ուղղություններով, հայտարարել է Եվրամիության մամուլի քարտուղարը։  

«ԵՄ-ն անհանգստացած է Լաչինի միջանցքում պահպանվող խոչընդոտներով և տեղի քաղաքացիական բնակչության համար դրանից բխող մարդասիրական հետևանքներով։ Միջանցքի օգտագործման հետ կապված Ադրբեջանի բոլոր մտահոգությունները կարող են և պետք է լուծվեն բացառապես երկխոսության միջոցով»,- ասվում է հայտարարության մեջ։ 

 ԵՄ-ն կրկին Ադրբեջանի իշխանություններին և բոլոր պատասխանատու անձանց կոչ է անում երաշխավորել Լաչինի միջանցքով տեղաշարժի ազատությունն ու անվտանգությունը՝ համաձայն 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորությունների։ Ընդգծվել է Լեռնային Ղարաբաղի բնակչությանը գազով, էլեկտրաէներգիայով և այլ ծառայություններով անխափան մատակարարելու կենսական անհրաժեշտությունը։ Մամուլի քարտուղարն ընդգծել է, որ ԵՄ-ն, ինչպես նախկինում, հանձնառու է Հարավային Կովկասում խաղաղության և անվտանգության ամրապնդմանն ուղղված ջանքերին աջակցելուն։