Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ղրիմում անօդաչուներ են ընկել ռուսական զորամասի տարածքում

Ղրիմում անօդաչուներ են ընկել ռուսական զորամասի տարածքում
Միջազգային
14:36, 02 март 2023
Բռնակցված Ղրիմի ռուսական զորամասի տարածքում երկու անօդաչու թռչող սարքեր են ընկել, հայտնում են ռուսական Telegram ալիքները։

Անօդաչուներն ընկել են Ղրիմի Սակիի շրջանի 81415 զորամասի տարածքում մարտի 1-ի լույս գիշերը: Բաց աղբյուրներից ստացված տեղեկատվության համաձայն՝ այս զորամասը ստեղծվել է 2015 թվականին՝ Հեռավոր տիեզերական կենտրոնի բազայի վրա: 

Դրոններից մեկը պայթել է: Ծառայողական կառույցներից մեկում, ըստ լրատվամիջոցների, ապակիներ են վնասվել։ 

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ կանխել է «անօդաչուներով զանգվածային գրոհ իրականացնելու փորձը» բռնակցված Ղրիմում։ Վեց դրոններ խփել են, ևս չորսը շարքից դուրս են եկել ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցներով։ 

Ուկրաինական աղբյուրները հայտնել են, որ մարտի 1-ի գիշերը Ղրիմում պայթյունների ձայներ են լսել տարբեր շրջաններում, այդ թվում՝ Սակի քաղաքում։