Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահը հաջորդ շաբաթ կայցելի Բաքու, Երևան և Թբիլիսի. Պետդեպ

ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահը հաջորդ շաբաթ կայցելի Բաքու, Երևան և Թբիլիսի. Պետդեպ
Միջազգային
10:37, 03 март 2023
Կովկասում բանակցությունների հարցերով ԱՄՆ պետքարտուղարի ավագ խորհրդական, ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Լյուիս Բոնոն այս պաշտոնում առաջին անգամ կայցելի տարածաշրջան։

Ուղևորությունը կկայանա հաջորդ շաբաթ։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Նեդ Փրայսը։

Ինչպես նշել է Փրայսը, Վաշինգտոնը հույս ունի, որ ավագ խորհրդականի այցերը Հարավային Կովկասի երկրներ կանոնավոր կլինեն։

«Բոնոն նախատեսում է հանդիպել երկրների առաջնորդների հետ՝ աջակցելու համար հայ-ադրբեջանական խաղաղ գործընթացին և հայտնելու համար մեր չփոփոխվող հանձնառությունը Վրաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը: Ինչպես արդեն ավելի վաղ նշել եմ, իր այցի ընթացքում նա կայցելի Հարավային Կովկասի բոլոր երեք երկրները: Նա կմեկնի Բաքու, Երևան և Թբիլիսի՝ այս հերթականությամբ»,- ասել է դիվանագետը։

Փրայսի խոսքով՝ Վաշինգտոնը կարծում է, որ այցը տարածաշրջան թույլ կտա Բոնոյին շարունակել երկխոսությունը, որը տեղի է ունեցել ԱՄՆ պետքարտուղարի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակներում։

«Մենք, ինչպես արդեն հայտարարել ենք եռակողմ բանակցությունների ավարտին, ոգևորված ենք խաղաղ գործընթացի արդյունավետ մասնակցության հարցում Հայաստանի և Ադրբեջանի վերջին ջանքերով»,- ասել է ամերիկացի դիվանագետը։

Նա հավելել է, որ առաջիկա հանդիպումների ժամանակ Բոնոն կընդգծի, որ Միացյալ Նահանգները հակված է Հարավային Կովկասում խաղաղ, ժողովրդավարական և բարգավաճ ապագա կառուցելուն։