Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի պաշտոնական կայքից հեռացվել է նրա ելույթի ԼՂ-ի հայերի ինքնորոշման մասին հատվածը

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի պաշտոնական կայքից հեռացվել է նրա ելույթի ԼՂ-ի հայերի ինքնորոշման մասին հատվածը
Միջազգային
01:20, 04 март 2023
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի պաշտոնական կայքից հեռացվել է նրա ելույթի ԼՂ-ի հայերի ինքնորոշման մասին հատվածը։

Իսկ նրա ներկայացուցչի տեղակալ Վոլֆգանգ Բյուխները հայտնել է,- «Երեկ կանցլերը հանդիպել էր ՀՀ վարչապետի հետ և մեզ խնդրել են ևս մեկ անգամ ներկայացնել Գերմանիայի կառավարության տեսակետը Լեռնային Ղարաբաղի հարցում։ Մեր տեսակետը չի փոխվել, մենք հավատարիմ ենք Հայաստանի և Ադրբեջանի տարածքային ամբողջականության սկզբունքին՝ միջազգայնորեն ճանաչված սահմաններում։

Գերմանիան կոչ է անում Ադրբեջանի և Հայաստանի միջև գոյություն ունեցող կոնֆլիկտը լուծել խաղաղ ճանապարհով։ Դա իր մեջ ներառում է հարգանքը Ղարաբաղի բնակչության իրավունքների և անվտանգության նկատմամբ։ Ֆեդերալ կառավարության համար կարևոր է, որ երկու երկրներում փոքրամասնությունների իրավունքները հարգվեն համաձայն միջազգային նորմերի և ստանձնած պարտավորությունների»։

Հիշեցնենք, որ նախօրեին Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից հետո համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ հանգուցալուծման գործում Գերմանիան նաև ինքնորոշման իրավունքի կողմնակից է: