Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Արցախցի ոստիկանների սպանությունից հետո է՛լ ավելի մեծ անհրաժեշտություն է առաջանում պատժամիջոցներ սահմանել Ադրբեջանի դեմ. Ադամ Շիֆ

Արցախցի ոստիկանների սպանությունից հետո է՛լ ավելի մեծ անհրաժեշտություն է առաջանում պատժամիջոցներ սահմանել Ադրբեջանի դեմ. Ադամ Շիֆ
Միջազգային
12:25, 07 март 2023
ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆն անդրադարձել է մարտի 5-ին Արցախում ադրբեջանական դիվերսիային։ Իր հայտարարության մեջ Շիֆը նշել է, որ ադրբեջանական ուժերի հարձակումը, որի հետևանքով զոհվել է արցախցի 3 ոստիկան, կանխամտածված սպանության ևս մեկ ակտ է և հանգեցնում է Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ սահմանելու անհրաժեշտության՝ մարդու իրավունքների և Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի խախտումների համար։ 

«Սա հերթական բռնությունն է, որ տեղի է ունեցել Լաչինի միջանցքի շրջափակման հետևանքով առաջացած և շարունակվող հումանիտար ճգնաժամի ընթացքում, ինչի պատճառով  120.000 մարդ հայտնվել է սարսափելի պայմաններում։ ԱՄՆ-ը պետք է դատապարտի Ադրբեջանի հարձակումները Արցախի վրա և պատասխանատվության ենթարկի Ալիևի ռեժիմին»,- հիշեցրել է կոնգրեսականը։ 

Նա ԱՄՆ Պետդեպարտամենտին և Բայդենի վարչակազմին կոչ է արել օգտագործել բոլոր հասանելի դիվանագիտական խողովակները՝ տարածաշրջանում աճող անկայունության խնդիրը լուծելու և Արցախի անվտանգության ու ինքնիշխանության նկատմամբ հարգանք ապահովելու համար։