Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Թբիլիսիում «Օտարերկրյա գործակալների» մասին օրինագծի դեմ ակցիայի ժամանակ ձերբակալվել է 66 մարդ

Թբիլիսիում «Օտարերկրյա գործակալների» մասին օրինագծի դեմ ակցիայի ժամանակ ձերբակալվել է 66 մարդ
Միջազգային
12:32, 08 март 2023
Երեքշաբթի օրը Վրաստանի մայրաքաղաքում տեղի ունեցած բողոքի ակցիայի ժամանակ ձերբակալվել է 66 մարդ՝ մանր խուլիգանության և ոստիկանությանը չենթարկվելու համար, տուժել է իրավապահ մարմինների մոտ 50 աշխատակից։ Այս մասին հաղորդել է Վրաստանի ՆԳՆ-ն։

«Ներքին գործերի նախարարությունը հետաքննություն է սկսել մարտի 7-ի բողոքի ակցիաների ժամանակ տեղի ունեցած բռնի միջադեպերի փաստերով՝ Վրաստանի Քրեական օրենսգրքի 353-րդ և 187-րդ հոդվածներով։ Մանր խուլիգանության և ոստիկանության օրինական պահանջներին չենթարկվելու փաստերով իրավապահները ձերբակալել են 66 մարդու»,- հրապարակվել է գերատեսչության կայքում։

Ներքին գործերի նախարարությունից հայտնել են, որ կտրվի համապատասխան իրավական գնահատական բոլոր այն անձանց գործողություններին, ովքեր նպաստել են, որ խաղաղ բողոքի ակցիան վերածվի բռնի ակցիայի։

Գերատեսչությունից հայտնել են, որ ցուցարարների բռնի գործողությունների հետևանքով տուժել է ՆԳՆ մոտ 50 աշխատակից։ Տուժել են նաև ցուցարարներ։

Հիշեցնենք, որ երեկ առավոտից բողոքի ակցիա է տեղի ունեցել Թբիլիսիում խորհրդարանի շենքի դիմաց, ցուցարարները դեմ են արտահայտվել «Օտարերկրյա գործակալների» մասին օրինագծի ընդունմանը, որը նույն օրը երեկոյան առաջին ընթերցմամբ հավանության է արժանացել օրենսդիրների կողմից։