Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Հայ-ադրբեջանական հարաբերություններում իրավիճակը նուրբ է՝ բռնության ռիսկերով, ինչպես վերջին օրերին տեսանք ԼՂ-ում». Նեդ Փրայս

«Հայ-ադրբեջանական հարաբերություններում իրավիճակը նուրբ է՝ բռնության ռիսկերով, ինչպես վերջին օրերին տեսանք ԼՂ-ում». Նեդ Փրայս
Միջազգային
11:16, 10 март 2023
ԱՄՆ-ը կշարունակի աշխատել Հայաստանի և Ադրբեջանի հետ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման  համար: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Նեդ Փրայսը՝ մեկնաբանելով ԱՄՆ հետախուզական ծառայությունների զեկույցը Հարավային Կովկասում լարվածության պահպանման մասին։ 

Փրայսը տարածաշրջանում ստեղծված իրավիճակը անվանել է «նուրբ՝ հակված բռնության աճի»: «Հայ-ադրբեջանական հարաբերություններում իրավիճակը նուրբ է՝ բռնության ռիսկերով, ինչպես վերջին օրերին տեսանք Լեռնային Ղարաբաղում»,- ասել է Փրայսը։ 

«Դա երկարատև հակամարտություն է, և Միացյալ Նահանգները կցանկանար ամեն ինչ անել դրա լուծմանն աջակցելու համար: Մենք պատրաստվում ենք շարունակել դա անել՝ աշխատելով Հայաստանի և Ադրբեջանի հետ, աջակցելով երկխոսության և դիվանագիտության մեջ նրանց սեփական ջանքերին, ինչպես նաև բոլոր համապատասխան մեխանիզմներով»,- ասել է պաշտոնյան։

Նա վստահեցրել է, որ Վաշինգտոնը պատրաստ է օգնել Երևանին ու Բաքվին, որպեսզի «իրենք վարեն բանակցություններ և հասնեն պայմանավորվածությունների»։ ԱՄՆ-ը հույս ունի, որ Հայաստանն ու Ադրբեջանը կկարողանան լուծել այս խնդիրը։