Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Բաքվի քայլը բարի մտադրության դրսևորում չէ. Իրանի ԱԳՆ-ն՝ դեսպանին Ադրբեջանի ԱԳՆ կանչելու մասին

Բաքվի քայլը բարի մտադրության դրսևորում չէ. Իրանի ԱԳՆ-ն՝ դեսպանին Ադրբեջանի ԱԳՆ կանչելու մասին
Միջազգային
16:38, 13 март 2023
Իրանական ռազմական ինքնաթիռը գտնվել է հանրապետության տարածքում, թռիչքն իրականացվել է Ադրբեջանի սահմանից պատշաճ հեռավորության վրա։ Թեհրանը չի կարող Բաքվի քայլը դիտարկել որպես բարի մտադրություն: Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Քանանին՝ մեկնաբանելով Իրանի դեսպանի կանչը Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչություն։

 «Թռիչքը եղել է սովորական։ Նման թռիչքներ պարբերաբար իրականացվում են Իրանի սահմանամերձ շրջաններում և Իրանի տարածքում մշտադիտարկման շրջանակներում։ Նման թռիչքներ իրականացվել են նաև նախկինում»,- հայտարարել է Քանանին, փոխանցում է Fars-ը։

Նրա խոսքով՝ ինքնաթիռը թռիչք է կատարել սահմանի երկայնքով՝ չհատելով այն։ Ինչպես նշել է իրանցի դիվանագետը, ռադարների կողմից արձանագրված խախտումների կամ ինչ-որ խափանումների դեպքում նախազգուշացումներ են ստացվում ռադիոկապով։

«Այս թռիչքի հետ կապված ոչ մի նախազգուշացում չի ստացվել»,- նշել է Քանանին։

Նա հավելել է, որ, ըստ սահմանված կանոնների, նման հարցերը լուծվում են մասնագիտացված կառույցների կողմից, սակայն Բաքուն դա չի արել։