Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Գերագույն Ռադայի պատգամավորներն առաջարկել են Ռուսաստանի քաղաքական ռեժիմը անվանել «ռաշիզմ»

Գերագույն Ռադայի պատգամավորներն առաջարկել են Ռուսաստանի քաղաքական ռեժիմը անվանել «ռաշիզմ»
Միջազգային
10:52, 14 март 2023
Ուկրաինայի Գերագույն Ռադան գրանցել է «Ռուսաստանի Դաշնությունում գոյություն ունեցող քաղաքական ռեժիմը ռաշիզմ որակելու և նրա գաղափարական հիմքերն ու հասարակական պրակտիկան որպես տոտալիտար և մարդատյաց դատապարտելու մասին» հայտարարության նախագիծը։

Ինչպես նշում է «Ստրանա» պարբերականը, նախագծի հեղինակների թվում են իշխող «Ժողովրդի ծառա» կուսակցության խորհրդարանականները, ուստի փաստաթուղթը ամենայն հավանականությամբ կընդունվի։

«Ուկրաինայի դեմ Ռուսաստանի Դաշնության դաժան, չհրահրված պատերազմը ողջ աշխարհի համար մերկացրեց Վ. Պուտինի քաղաքական ռեժիմի իրական էությունը որպես նեոկայսերական, տոտալիտար բռնապետություն, որը ընդօրինակում է անցյալի վատագույն գործելաոճը և մարմնավորում է ֆաշիզմի և նացիոնալ-սոցիալիզմի գաղափարները ռուսական ֆաշիզմի (ռաշիզմ) ժամանակակից տարբերակում։

Այս հայտարարությամբ Գերագույն Ռադան դատապարտում է Վլադիմիր Պուտինի «ռաշիստական ռեժիմը» և միջազգային հանրությանը կոչ է անում միանալ Ռուսաստանի Դաշնության ներկայիս քաղաքական ռեժիմը հանցավոր ճանաչելուն»,- ասվում է փաստաթղթում։

Հայտարարության նախագիծն այժմ ներկայացվել է խորհրդարանական կոմիտեի քննարկմանը։

Ընդունումից հետո հայտարարության տեքստը նախատեսվում է փոխանցել ՄԱԿ-ին, Եվրախորհրդարանին, ԵԽԽՎ-ին, ԵԱՀԿ-ին, ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովին և օտարերկրյա պետությունների կառավարություններին ու խորհրդարաններին։