Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Պուտինը «մեծ ակնկալիքներ» ունի Չինաստանի նախագահի հետ առաջիկա բանակցություններից

Պուտինը «մեծ ակնկալիքներ» ունի Չինաստանի նախագահի հետ առաջիկա բանակցություններից
Միջազգային
13:14, 20 март 2023
Չինական «Ժենմին ժիբաո» թերթում հրապարակվել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հոդվածը՝ «Ռուսաստան և Չինաստան՝ դեպի ապագա ձգտող գործընկերություն» վերտառությամբ, հաղորդում է Կրեմլը։

Պուտինը հոդվածում նշել է, որ «մեծ ակնկալիքներ» ունի Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի հետ առաջիկա բանակցություններից։

Ռուսաստանի նախագահը չի կասկածում, որ դրանք կհաղորդեն «նոր հզոր ազդակ երկկողմ համագործակցության ողջ համալիրին»։

ՌԴ նախագահը երախտագիտություն է հայտնել Պեկինին ուկրաինական իրավիճակի նկատմամբ հավասարակշռված դիրքորոշման համար և հայտարարել է, որ Մոսկվան բաց է «ուկրաինական ճգնաժամի քաղաքական-դիվանագիտական կարգավորման համար»։ Բացի դրանից, ՌԴ նախագահը ՆԱՏՕ-ին մեղադրել է իրականությունից կտրված լինելու մեջ, ինչի մասին, նրա կարծիքով, վկայում են դաշինքի պահանջները Ռուսաստանի Դաշնությանը Ուկրաինայում հակամարտության համատեքստում։

 Պուտինը նաև վստահություն է հայտնել, որ Ռուսաստանի և Չինաստանի միջև ապրանքաշրջանառությունն այս տարի կհաղթահարի 200 միլիարդ դոլարի շեմը։ Միևնույն ժամանակ կարևոր է, որ «փոխադարձ առևտրում աճում է ազգային արժույթներով հաշիվների մասնաբաժինը, և մեր հարաբերություններն ավելի ու ավելի ինքնիշխան են դառնում», հավելել է նա։

Այսօր՝ մարտի 20-ին, տեղի կունենա Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի ոչ պաշտոնական հանդիպումը՝ ՌԴ վերջինիս պետական այցի շրջանակներում։ Երեքշաբթի կանցկացվեն բանակցություններ նեղ և ընդլայնված կազմով։