Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Երևանն ու Բաքուն կարող են շուտով պայմանավորվել խաղաղության շուրջ. Բլինքեն

Երևանն ու Բաքուն կարող են շուտով պայմանավորվել խաղաղության շուրջ. Բլինքեն
Միջազգային
10:53, 23 март 2023
Ադրբեջանն ու Հայաստանը շուտով կարող են հասնել խաղաղության պայմանավորվածությունների: Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը՝ չորեքշաբթի օրը ելույթ ունենալով ԱՄՆ Կոնգրեսի Սենատի արտաքին հարաբերությունների հարցերով կոմիտեի լսումների ժամանակ։

Այսպիսով Բլինքենը մեկնաբանել է Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորմանը նպաստելու Վաշինգտոնի փորձերը։

Ամերիկյան դիվանագիտության ղեկավարի խոսքով՝ ինքը ակտիվորեն զբաղվում է Ադրբեջանի և Հայաստանի միջև կարգավորման հարցով՝ նպաստելով, որպեսզի Բաքուն և Երևանը «դուրս գան խաղաղության համաձայնության, որը կկարգավորի հարաբերությունները» Բաքվի և Երևանի միջև։ Այս համատեքստում Բլինքենն ընդգծել է, որ տեքստը վերաբերում է «Լեռնային Ղարաբաղում էթնիկ հայերի իրավունքներին և պաշտպանությանը», ինչպես նաև «սահմանների դելիմիտացիային և այլ խնդիրների»։

«Մենք դա չենք պարտադրում Հայաստանին: Մենք արձագանքում ենք Հայաստանի արտահայտած մեծ ցանկությանը, որը ցանկանում էր տեսնել, թե արդյոք մենք կարո՞ղ ենք օգնել նրանց հասնել այնպիսի համաձայնության, որը համենայնդեպս շատ առումներով վերջ կդնի ավելի քան 30 տարվա տևողությամբ հակամարտությանը»,- հայտարարել է Բլինքենը:

Միաժամանակ նա հիշեցրել է «Լաչինի միջանցքում իրական խնդիրները»։ Բլինքենը նշել է, որ այդ հարցում ճնշում է գործադրում Ադրբեջանի վրա, «այդ թվում՝ այս շաբաթ»։
 
Ներկայացնելով վերջին եռակողմ հանդիպումների ժամանակագրությունը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի (Մյունխեն), ինչպես նաև երկու երկրների արտգործնախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի (Վաշինգտոն) մասնակցությամբ՝ Բլինքենն ընդգծել է, որ կողմերն աշխատում էին պայմանավորվածությունների տեքստի վրա։

«Ակնկալում եմ, որ նրանք կվերադառնան: <...> Առանց չափազանցության, կարծում եմ, այժմ բարենպաստ պահ է, ինչը խորապես կհամապատասխանի ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի շահերին»,- ասել է Բլինքենը: