Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հյուսիսային Կորեան փորձարկել է «ռադիոակտիվ ցունամի» առաջացնող ստորջրյա դրոն

Հյուսիսային Կորեան փորձարկել է «ռադիոակտիվ ցունամի» առաջացնող ստորջրյա դրոն
Միջազգային
12:13, 24 март 2023
Հյուսիսային Կորեան իրականացրել է ստորջրյա անօդաչուի փորձարկում, որը կարող է առաջացնել «ռադիոակտիվ ցունամի», հայտնում է «Կորեայի ձայն» պետական ռադիոն։

«Այս գաղտնի զենքը իրենից ներկայացնում է ստորջրյա հարձակման միջուկային անօդաչու կատեր: Նրա առաքելությունն է գաղտնի լողալ ջրի տակ, առաջացնել գերհզոր ռադիոակտիվ ցունամի ստորջրյա պայթյունի միջոցով՝ խորտակելու և ոչնչացնելու համար հակառակորդի նավերի խմբավորումներն ու նավահանգիստը»,- ասվում է հաղորդագրության մեջ։ 

Ինչպես հաղորդվում է, անօդաչուն գործարկվել է մարտի 21-ին և մոտ 59 ժամ եղել է շարժման մեջ՝ 80-150 մետր խորության վրա: Հասնելով նշանակված կետին, նմանակելով հակառակորդի նավահանգիստը՝ դրոնն առաջացրել է փորձնական մարտագլխիկի դետոնացիա։

«Կորեայի ձայնը» հայտնում է նաև, որ մարտի 22-ին հյուսիսկորեացի զինվորականները զորավարժությունների շրջանակում արձակել են «Խվասար-1» սերիայի երկու ռազմավարական թևավոր հրթիռներ և «Խվասար-2» սերիայի երկու հրթիռներ։ 

Տեղական ԶԼՄ-ների տվյալներով՝ փորձարկումներն իրականացվել են ի պատասխան ԱՄՆ-ի և Հարավային Կորեայի զորավարժությունների։