Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ԱՄՆ-ը ավիահարվածներ է հասցրել Սիրիայում Իրանի հետ կապված օբյեկտներին՝ ի պատասխան ամերիկացու սպանության

ԱՄՆ-ը ավիահարվածներ է հասցրել Սիրիայում Իրանի հետ կապված օբյեկտներին՝ ի պատասխան ամերիկացու սպանության
Միջազգային
12:21, 24 март 2023
ԱՄՆ ԶՈՒ-ն հինգշաբթի օրը մի շարք ավիահարվածներ է հասցրել Սիրիայում գտնվող օբյեկտների ուղղությամբ, որոնք, ըստ Վաշինգտոնի, կարող են կապված լինել Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ, Իրանի զինված ուժերի էլիտար ստորաբաժանումներ) հետ: Այս մասին հայտնում է Պենտագոնի մամուլի ծառայությունը։

Դրանում նշել են, որ մարտի 23-ին «մեկ ամերիկացի պայմանագրային է զոհվել, հինգ ամերիկացի զինծառայող և ևս մեկ ամերիկացի պայմանագրային վիրավորվել են անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով». հարձակումը տեղի է ունեցել Սիրիայի հյուսիս-արևելքում ԱՄՆ գլխավորած միջազգային հակաահաբեկչական կոալիցիայի բազայի վրա։

«Նախագահ Բայդենի ցուցումով ես լիազորել եմ ԱՄՆ կենտրոնական հրամանատարության ուժերին այս գիշեր բարձր ճշգրտությամբ ավիահարվածներ հասցնել Սիրիայի արևելյան օբյեկտների ուղղությամբ, որոնք օգտագործվում են Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հետ կապված խմբավորումների կողմից, - մամուլի ծառայությունը մեջբերում է պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինի խոսքերը:- Ավիահարվածները այսօրվա հարձակման, ինչպես նաև Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հետ կապված խմբավորումների կողմից Սիրիայում կոալիցիայի ուժերի վրա վերջին հարձակումների պատասխանն են»:

«Ինչպես հստակ հասկացրել է նախագահ Բայդենը, մենք բոլոր անհրաժեշտ միջոցները կձեռնարկենք մեր ժողովրդին պաշտպանելու համար և մեր ընտրած ժամանակ ու մեր ընտրած վայրում միշտ պատասխան միջոցներ ենք ձեռնարկելու,- հավելել է Օսթինը:- Ոչ մի խմբավորում անպատիժ հարվածներ չի հասցնի մեր զորքերին»: