Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Մենք պետք է աջակցենք այդ գործընթացին». Պետդեպի ներկայացուցիչը՝ ԼՂ-ում ՄԱԿ-ի խաղաղապահներ գործուղելու մասին

«Մենք պետք է աջակցենք այդ գործընթացին». Պետդեպի ներկայացուցիչը՝ ԼՂ-ում ՄԱԿ-ի խաղաղապահներ գործուղելու մասին
Միջազգային
12:39, 24 март 2023
Հինգշաբթի օրը ԱՄՆ պետդեպարտամենտի ռազմաքաղաքական հարցերով Բյուրոյի քարտուղար Ջեսիկա Լյուիսը Վաշինգտոնում ճեպազրույցի ժամանակ, որը նվիրված էր անվտանգության ապահովման հարցերին, անդրադարձել է նաև Լեռնային Ղարաբաղում անվտանգությանը:
 
Նա վերահաստատել է Միացյալ Նահանգների դիրքորոշումը առ այն, որ ԱՄՆ-ը հակված է խաղաղ, ժողովրդավարական և բարգավաճող Հարավային Կովկասի զարգացմանը, և «մենք ընդունում ենք, որ հակամարտությունը ռազմական լուծում չի կարող ունենալ, և որ վեճերը լուծելու համար ուժի կիրառումն անընդունելի է»: Նա կրկնել է պետքարտուղար Էնթոնի Բլինքենի խոսքերը, որ «Հայաստանի և Ադրբեջանի միջև ուղիղ երկխոսությունը հիմնախնդիրների լուծման և կայուն խաղաղության հասնելու բանալին է»:

Ինչ վերաբերում է տարածաշրջանում խաղաղապահ գործողություններին մասնակցելու Վաշինգտոնի շահագրգռվածությանը, Լյուիսը հիշեցրել է, որ իր բյուրոն զբաղվում է խաղաղապահների պատրաստմամբ նման առաքելություններ իրականացնելու համար։ «Կարծում եմ, որ մենք պետք է ուշադիր քննարկենք դրա հնարավորությունը: Ակնհայտ է, որ այդ գործընթացն ընթանում է ՄԱԿ-ով, և ես ձեռնպահ կմնամ մեկնաբանություններից, թե ինչպես է ՄԱԿ-ը կառավարելու այդ գործընթացները ապագայում։ Բայց ես իսկապես կարծում եմ, որ մենք պետք է քննարկենք այս գործընթացին աջակցելու հարցերը ոչ միայն Ռուսաստանի կողմից։ Ռուսական տեխնիկան այժմ դժվարություններ ունի, օրինակ՝ պահեստամասեր ձեռք բերելու հարցում, և դա կարող է ազդել խաղաղապահների՝ իրենց խաղաղապահ աշխատանքն իրականացնելու կարողության վրա»,- ընդգծել է նա։