Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Պաղեստինը հարվածում է Թել Ավիվին, Իսրայելը՝ Գազային. 2 կողմում հսկա ավերածություններ են, զոհերի թիվն աճում է․ Տեսանյութ․ ՀԺ

Գիշերվա ընթացքում պաղեստինա-իսրայելական հակամարտությունը շարունակվել է: Գազայի հատվածից Թել Ավիվի տարածքներից մեկը կրկին հրթիռների զանգվածային կրակի տակ է հայտնվել:

Երկնքում բազմաթիվ պայթյուններ են լսվել, քաղաքում ամբողջ գիշեր շարունակում էին հնչել օդային տագնապի ազդանշաններ:

Միաժամանակ, Իսրայելն էլ ի պատասխան հրթիռակոծում է Գազայի հատվածը: Իսրայելական հրթիռային հարվածի հետևանքով Գազայի կենտրոնում գտնվող Ալ-Ջաուհարա բարձրահարկը ևս ավերվել է, այնտեղ տեղակայված էին «Ալ-Մամլակա» հեռուստաընկերության գրասենյակները և տեղական այլ լրատվամիջոցներ, ինչպես նաև՝ հարյուրավոր բնակարաններ: Շենքն ամբողջությամբ ոչնչացվել է:

Հարվածի պահին ութ հարկանի շենքում ոչ ոք չի եղել, քանի որ նախկինում բոլորը շտապ տարհանվել էին: Ոչ ոք չի տուժել:

Սա Գազայի երկրորդ բարձրահարկն է, որը ոչնչացվում է վերջին մի քանի ժամվա ընթացքում հրթիռակոծության հետևանքով:

Իսրայելական ավիացիոն հարձակումներից մեկի հետևանքով ամբողջությամբ ոչնչացվել է 14 հարկանի «Բուրջ Խանադի» կառույցը, որտեղ տեղակայված էին գրասենյակներ և հյուրանոց: Ժամանակին տարհանվել են նաև այս շենքում գտնվող բոլոր անձինք: Երկնաքերի ոչնչացումից հետո «Իզզադդին ալ-Քասամ» ջոկատները 130 հրթիռ են արձակել դեպի Թել Ավիվ և նրա շրջակայք:

Գազայի հատվածը վերահսկող «Համաս» արմատական շարժման զինյալ «Իզզադդին ալ-Քասամ» բրիգադները այսօր վաղ առավոտյան հայտարարել են, որ 100 հրթիռ են արձակում դեպի Իսրայելի Բեերշեբա քաղաք՝ ի պատասխան ափամերձ բնակավայրի բնակելի շենքերի հրթիռային հարվածների: Այս մասին հայտնում է պաղեստինյան Dunya Al Watan տեղեկատվական պորտալը:

Ներկայումս, ինչպես նշում է Dunya Al Watan պորտալը, Beer Sheva քաղաքում, ինչպես նաեւ Թել Ավիվում օդային տագնապի ազդանշաններ դեռ հնչում են:

Իսրայելցի զինվորականները հայտարարել են արմատական պաղեստինյան «Համաս» շարժման հետախուզության երկու խոշոր պաշտոնյաների վերացման մասին: Համապատասխան հաղորդագրությունը տեղադրվել է չորեքշաբթի օրը Իսրայելի ՊԲ «Թվիթերի» էջում:

Գազայի հատվածում ընթացող իսրայելական հրթիռային հարվածների զոհերի թիվը հասել է 35-ի, այսօր այս մասին հայտնում է Al-Mamlaka հեռուստաալիքը՝ վկայակոչելով առափնյա անկլավի առողջապահության նախարարության տվյալները: 

Նախարարության տվյալներով՝ իսրայելական բանակի գիշերային հարվածների հետևանքով երեք պաղեստինցի է զոհվել: Երեքշաբթի օրը զոհվել էր 15 մարդ, իսկ երկուշաբթի օրվանից մինչ հիմա ընդհանուր առմամբ մահացել է 35 մարդ: Զոհերի թվում կան 12 երեխա և մի կին: Վիրավորների թիվը հասել է 233-ի:

Վերջին օրերին Գազայի հատվածից Իսրայելի ու պաղեստինցի արմատականների միջեւ հրթիռային հարվածների փոխանակում է տեղի ունենում: Դա հետեւում է Արեւելյան Երուսաղեմի Ալ-Աքսա մզկիթում մայիսի սկզբին սկսված անկարգություններին, որոնցում արդեն տուժել է ավելի քան 700 մարդ:

Պաղեստինցիների և անվտանգության ուժերի բախումները հրահրվել են Իսրայելի դատարանի որոշմամբ, որը վճռել է Շեյխ Ջարրահում ավելի քան կես դար այնտեղ ապրող արաբական ընտանիքներից տներ զավթել՝ հօգուտ հրեա վերաբնակիչների՝ հիմնվելով այն բանի վրա, որ այդ տները նրանց պատկանել են մինչև 1948 թվականը:

Տեսանյութերում հրթիռակոծվող Գազայի հատվածն ու շարունակվող պայթյուններն են